Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/197

Այս էջը հաստատված է

քաղցրաբույր սյուքեն կը տատանեին։ Ընտիր նվագարանի ներդաշնակության հեղեղներ կողողեին այս գեղեցիկ վայրը, ուր անթիվ հանդիսականք կը խռնեին հաճելի իմն շփոթությամբ։ Հո՛ս, սրահին մեջ, մեծափարթամ տիկնայք կը գահակալեին իրենց ադամանդներով, մինչ խոնարհագույնները կը ջանային զանոնք նսեմացնել իրենց ժպիտներուն նոր քաղցրություն՝ ու նայվածքներուն նոր փայլ մ՚ ավելցնելով։ Անխոս մրցում մի, լռին պերճախոսություն մ՚ էր այս՝ հարստության ու անձնական հրապույրներու մեջ։ Առաջինները ակնածանաց առարկա էին, իսկ երկրորդները՝ հիացման և համակրանաց նյութ։ Հո՛ն շնորհալի օրիորդներ ոսկեթել մազերով ու անդիմադրելի եթերական գեղեցկությամբ, և կամ թխագույն բոցավառ աչերով, սրահից նեղանալի ջերմութենեն խույս տալով, ծառերուն հովանյաց ներքե կը շրջագայեին, ջանադիր ըլլալով զսպելու մատնտու քրքիչ մի՝ ծնունդ հեգնալից անմեղ ակնարկությանց և կամ գրգռիչ անվնաս քոքեթության։ Նույնպես երիտասարդները ժուռ կուգային այդ լուսազարդ և հոտավետ հովանյաց ներքև, հիացման նայվածքներ արձակելով գեղանիներուն կողմը. և անոնցմե ոմանք երկյուղալի համարձակությամբ օրիորդաց մոտենալով բողոքալից բառ մի կարտասանեին նախ, որուն կը հաջորդեր երկրորդ և երրորդ մի և որոնց վերջինը կուսական անմեղ սրտերուն մեջ երկարաձիգ արձագանք մի կարթնցներ։

Այդ բազմությունը հավաքված էր Պ. Հայնուռի հոյակապ ապարանին մեջ օրիորդ Զարուհվո՝ անոր որդեգրին, հարսանյաց հանդեսին ներկա ըլլալու համար։ Խիստ շնորհալի էր հարսն սպիտակ զգեստներովն և այն մելամաղձային գոհունակությամբն որ յուր դեմքին վրա կուրվագրվեր։ Մեկ տարին ի վեր յուր կուսական սիրտը կը բաբախեր սիրով Հրանտ երիտասարդին համար, որ աշխատած էր բուռն եռանդյամբ անշուք վիճակ մ՚ ապահովելու, որպեսզի յուր սիրելի Զարուհվույն հետ անբաժանելի կերպիվ ապրի։ Հասած էր վերջապես նույն օրը, և իրենց երանությունն այնչափ մեծ էր որ կը կարծեին երազել։ Ծայրահեղ երջանկությունը, ինչպես և ծայրահեղ վիշտը մարդս կը թմրեցնե։

Պսակի խորհուրդը մեծ հանդիսիվ կատարվեցավ, և նույն