Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/198

Այս էջը հաստատված է

վայրկյանեն սիրո խորանին վրա երկու հոգի ի մի ձուլված էին։ Եկեղեցական ձայնակցության հաջորդեց զվարթ երաժշտություն մի։ Երիտասարդ դեմքերն աշխուժով ոգևորեցան ընդարձակ սրահին մեջ՝ ուր ծաղիկները լույսերուն հետ կը խառնվեին, և սիրուն շփոթություն մ՚ սկսավ տիրել անդ։ Անհամբերության ցույցեր կը տրվեին, երիտասարդներն աչքե կանցընեին նազելի օրիորդներն որոնց սրտերը կը տրոփեին պարելու մոտալուտ հուսով։ Վերջապես նվագարանը վճռողական նշանը տվավ, պարն սկսավ։ Պարողները թեթև քայլերով, զույգ զույգ սկսան սահիլ գետնին վրայեն՝ արագել իրենց շարժումը վալսին հեշտավետ սաստկությամբը, թոչիլ, վայրիկ մի դադարիլ նոր ուժ առնելու և նոր եռանդյամբ սուրալու համար վերստին՝ երբ պարողներ ոճն քանիները կը համառեին պարունակելու մինչև երաժշտական վերջին վանկին հնչմանը։ Երիտասարդուհյաց դեմքերն առույգ գույներով կը փայլեին մինչդեռ կը նստեին հանգչելու համար. աչերնին նոր բոցերով կը շողային, և իրենց կուրծքերուն ելևէջն հաճելի հոգնություն մի կը հայտնեին։ Բայց այս հոգեզվարճ աղմուկին մեջ պակսեցավ հանկարծ օրիորդ Սիրանույշ՝ Պ. Հայնուռի չքնաղ դուստրը, նազելյաց նազելին. այնչափ սքանչելի էր նա յուր մելամաղձոտ կապույտ աչերովը, ոսկեթել մազերովը, թափանցիկ ճերմակ մորթովը, դեմքին գծերուն կանոնավորությամբը ու հասակին բարձրությամբը։ Բազում երիտասարդներ տհաճությամբ դիտեցին օրիորդին բացակայությունը, և մանավանդ Պ. Դարեհյանը՝ որուն աչերը համառելով կորոնեին զինքն ամեն կողմ։ Ո՞ւր էր չքնաղն Սիրանույշ։

ԳԼՈԻԽ Բ.

Պ. Հայնուռի պարտեզին մեկ անկյունն ընդարձակ ավազան մի կար ծառերով շրշապատված, որոնց ճյուղերն իրարու խառնվելով մերթ խիտ հովանի մի կը ձևացնեին՝ ուր թևարկու երաժիշտներ իրենց ձայները տարածելով քաղցրալուր մեղեդյաց աշխարհ մի կը կազմեին, և մերթ ճյուղերն իրարմե բաժանվելով նազելաբար կը ծռեին մինչև ջուրին երեսը զայն մեղմիկ գգվելով, մինչդեռ գորտերն ավազանին հատակեն