այդ նպատակին հասնելու համար, թեև ինքը չափավոր հարստության տեր ըլլար: Երվանդ որ մեծ ընդունակություն ուներ, գրեթե ըստ մասին բնազդմամբ կզգար շատ անգամ այն արդար և բարձր սկզբունքները զորս յուր իմացականությանն անկարող էր լիովին ըմբռնելու։ Բայց պատանին աճելով մտավոր ձիրքերն ալ աճեցան յուր հետ, ինչպես ընդունած սկզբունքներն արմատացան, ծլեցան, բողբոջեցին։ Երվանդ երկու գլխավոր զգացումներ ուներ կենացը մեջ. մին էր յուր բարերարին նկատմամբ, և մյուսն Սիրանույշին որուն հետ ըստ ամենայնի կը համաձայներ զգացմանց, ճաշակի ու գաղափարաց մասին. իսկ քույրն Զարուհի երկրորդական կարգի տեղ մի գրաված էր սրտին մեջ՝ թեև անհունապես կը գուրգուրար անոր վրա:
Թեպետ Երվանդ Պ. Հայնուռի տանը մեջ չէր բնակեր սակայն հոն կանցըներ գրեթե բոլոր ազատ վայրկյանները. ուստի ինքն ու Սիրանույշ իրարմով կր սնանեին, կը բարձրանային, նախապաշարմանց դեմ կր գոռային, ու իրենց սրտմտությունն և արհամարհանքը կը միացնեին զեղծմանց դեմ: Մին ինչպես և մյուսը երիտասարդական աղմկալից ցնծություններե խույս կուտային, իրարու կը բավեին, ու իրենց օրերը կը սահեին երկնային երանությամբ:
Զարուհին կատարելապես տարբեր բնություն մ՚ ուներ յուր եղբորմեն ու Սիրանույշեն: Կարծես թե Մայիսի զվարթ օր մ՚ էր նա, անոր մեղեդիքներով, զարդերով, ժպիտով, ու բույրով։ Տխրության մռայլն անկարող էր մթնեցնել ուրախ աղջկան հոգվույն արևը. սահելով, կանցներ միայն անոր վրայեն ու կը հեռանար։
Մինչդեռ Երվանդ ընկերային կամ իմաստասիրական խորհուրդներով կզբաղեր Սիրանույշին հետ, Զարուհին՝ անփույթ այդ խնդրոց նկատմամբ, իբրև գողտրիկ թռչուն ծաղկե ծաղիկ կոստոստեր ու յուր աղու ձայնիվ կը պատասխաներ սոխակին, կը ժպտեր լուսնին, կը ժպտեր ծովուն, կը ժպտեր համայն բնության, կը ժպտեր յուր սիրելի ընկերուհվույն, անոր մորը, Երվանդին, կը ժպտեր նույն իսկ խոժոռադեմ Պ. Հայնուռի, զի ինքն ամբողջապես սեր էր ու զվարթություն, և ժպտիլ գիտեր միայն, կույսի մի գեղեցկագույն ժպտյուն՝ զոր