Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/208

Այս էջը հաստատված է

— Սիրո մեջ աղքատ ու հարուստ չկա, Երվանդ։ Ես քա՞նիցս արդյոք գիշերվան հանձնեցի իմ դառն արտասուքս հուսահատությամբ մաշելով լռին և անմխիթար։ Թեև Զարուհին քույրս է, սակայն ոչ երբեք համարձակեցա այդ խոստովանությունն ընել անոր, զի կը կասկածեի թե քու հայտնած համակիր զգացումներդ ինձ նկատմամբ եղբայրական ըլլային գուցե պարզապես, և այս կասկածեն համակված կը ջանայի ստվարացնել քողն այն որով սիրտս կը ծածկեի խորասույզ նայվածքեդ։

— Կը տեսնեմ, Սի՛րանույշ, թե չափազանց երջանկությունը մարդս չմեռցներ, եթե ոչ` կյանքն արդեն խույս տված պիտի ըլլար ինձմե։ Բայց ծայրահեղ երանությանս մեջ անգամ անձկություն կզգամ մտածելով թե ի՞նչ եղանակավ արդյոք կրնամ զքեզ վիճակակից ընել ինձ, քանի որ, թույլ տուր որ կրկնեմ, աղքատ ծնողաց որդի եմ, և վիճակս անշուք է։ Վեհ հոգի մի ինձ հայր կանգնելով, թողուց ինձ փոքրիկ ժառանգություն մի որով երեք տարիներե ի վեր, անկախ բայց համեստ կացությամբ կապրիմ, ժամանակս նկարչության նվիրելով ու սիրտս քեզի, բայց անշուք վիճակիս ինչպե՞ս արդյոք կրնամ մասնակից ընել քեզ, չնաշխարհիկդ իմ դու էակ։

— Երվա՛նդ, քսանևչորս տարեկան ես տակավին, մինչդեռ ես քսան։ Ես սրտիդ ընկերն եմ, դու հոգվույն արևն ես, ի՞նչ կը պակսի մեր երջանկության, քանի որ ապագան մերն է։

— Կը պակսի այն ապահովությունը թե իմս ես, և թե ոչ ոք զքեզ կրնա հափշտակել ինձմե։

— Ներելի՞ է քեզ տարակուսիլ ինձմե, Երվանդ։

— Քե՞զմե, ո՛հ, ոչ երբեք. այլ փառասեր հայրդ սոսկում կազդե ինձ։

— Ստույգ է որ հայրս փառասեր է. բայց քանի որ զիս շատ կը սիրե, վստահ եմ որ կամքս չի բռնաբարեր. եթե բռնաբարե իսկ, սիրտս պիտի կանգնի թումբ յուր կամացը դեմ։

— Կյանք կզգենում վերստին, խոսե՛, Սիրանույշ, խոսե, թեև ուժ և վստահություն կուտան ինձ խոսքերդ, չարգիլեր սակայն որ երկյուղիվ չի նայիմ իմ անշուք ծագմանս վրա որ արհամարհանք միայն կընա ազդել քու հորդ։

- Զարմանքս կը շարժես, Երվանդ, ո՞ւր է հայոց արդի ազնվականությունը.