երկնից ուղղելով սրտաբուխ աղոթք մի։ Այնպես խորասույզ էի իմ ջերմեռանդ զգացմանս մեջ, այնպիսի եռանդյամբ աստուծմե օգնություն կը խնդրեի որ բնավ չզգացի թե Հրանտ գտնված տեղիս կը մերձենար։ Կերևա թե հուսահատությանս մեջ՝ հանդեպ երկնից, Հրանտի անունը կուտայի, երբ հանկարծ ձայն մի լսեցի որ կըսեր. «Ստո՞ւյգ է արդյոք, սխալ չլսեցի՞, իմ անո՞ւնս հնչեցիր, տարփելիդ իմ Զարուհի»։
Դարձուցի գլուխս դեպ այն կողմ ուսկից կուգար այդ սիրելի ձայնը և տեսա զՀրանտ։ Այդ հանկարծական տեսությունը դող ազդեց ինձ, ամոթահար եղա գաղտնիքս այսպես մատնած ըլլալուս համար, ու դեմքս ձեռացս մեջ պահելով սկսա լալ դառնագին։ Մեր տեսության մանրամասնությունները թող որ սիրտս պահե իբր սուրբ ավանդ։ Գիտցի՛ր միայն որ Հրանտ խոստացավ ինձմե բնավ չբաժնվելու եթե յուր համեստ վիճակին ուզեմ մասնակցիլ:
Սիրանույշի աչերեն մարգարիտներ կը հոսեին յուր գեղեցիկ այտից վրա։ Սիրով համակված սիրտ մի լավ կզգա ուրիշի սիրահարական դիրքը, Սիրանույշ կարծես թե մինչև անգամ յուր սիրելի ընկերուհվույն սրտին բաբախումները կզգար, այնչափ երկու օրիորդաց մեջ վիճակի նմանություն կար։
Իսկ Երվանդ հեգնելով զքույրը կըսեր. «Վստահ եմ՝ չընդունեցիր Հրանտին բախտակից ըլլալու առաջարկր»։
Զարուհին չարաճճի ժպիտով մի պատասխանեց անոր։
Ուրեմն, ըսավ Երվանդ, շինծու գժգոհություն մի ձևացնելով, դուն գործդ կարգադրեցիր առանց որևէ հաճության սպասելու։
— Կը ներես, եղբա՛յրս, Հրանտ պաշտոնական կերպիվ պիտի ուզե զիս Տիկին Հայնուռե և քեզմե։
— Եվ եթե մերժենք, քո՛ւյրս, պիտի հնազանդի՞ս մեզ արդյոք,— հարցուց Երվանդ խնդալով։
— Գիտեմ որ չի պիտի մերժեք, — պատասխանեց գեղանին, քանի որ ես որբ աղջիկ մ՚եմ, թեև իրավ է որ Պ. Հայնուռի հարկին ներքև՝ անզույգ մայր մի և քույր մի գտա։ Հանդերձ այսու մոռնալու չենք թե աղքատ աղջիկ մ՚ եմ ես և թե Հրանտի վիճակն՝ որչափ ալ համեստ ըլլա, ինձ համար նախանձելի