Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/214

Այս էջը հաստատված է

Կը սահեին օրերն անամպ և անխռով։ Ինչպես նավն որ ծովուն ջուրերը ճեղքելով կը սահի առանց բնավ գիծ մի թողլու հոն, նույնպես և երջանկությունը կը սուրար մեր չորս բարեբաստիկ երիտասարդաց կենաց վրայեն առանց որևէ հետք թողլու։ Հինգ ամիսներե հետո հասավ վերջապես օրն այն որ գԶարուհին յուր սիրելվույն միացուց, և զՍիրանույշ Երվանդեն բաժնեց։ Առաջինն ուներ խինդն ի բաժին, երկրորդը՝ արտասուքը. կենաց երկու հակառակ բևեռները։

ԳԼՈԻԽ Զ.

Ծովեզերյա միահարկ փոքրիկ տան մի սրահին շուրջը հինգ սենյակներ իրարու բոլորաձև կը հաջորդեին։ Հոնկե նայվածքը մեկ կողմեն Մարմարայի ջուրերուն, և մյուս կողմեն Հայտար փաշայի ընդարձակ դաշտին վրա կը թափառեր։ Այս համեստ հարկին մեջ ոչ սպասավորներ կային, ոչ ոսկեզօծ մահոգենի կարասիներ, ոչ թավշյա կամ մետաքսյա թանկագին կերպասներ, և ոչ ալ ակնախտիղ բյուրեղյա ջահեր։ Այլ ամեն ինչ պարզ էր, մաքուր և զվարթ։ Տանը ներքին արմունքը ճերմակ գույնով ներկված էին, ու գետինը պարզապես տախտակներով ծածկված էր. կաղնի փայտե նոր կարասիներ ճերմակ կտավով գոցված էին, և նմանագույն բանված լայն վարագույրներ կախված էին պատուհաններեն վար։ Իբրև զարդ՝ սենյակներն ունեին քանի մի պարկեշտ հայելիներ, ու սակավաթիվ գեղեցիկ յուղաներկ փոքրիկ տեսարաններ։ Այս խոնարհ հարկն առավել բնության քան թե հարստության զարդյուքը պաճուճյալ էր։

Հոտավետ տունկեր թափառական բաղեղին հետ խառնվելով՝ սողոսկելով մինչև տանը պատուհանները կը հասնեին՝ բնական կանանչ զարդերով վարագուրելով զանոնք։ Փայտյա թաղարներու մեջ զետեղված ծաղիկներն իրենց բույրը կը ծավալեին սենյակներուն մեջ, մինչ թռչունները պատուհաններին վար կախելով իրենց բույնը՝ կերթևեկեին, կը ճռվողեին, կերգեին խառն ի խուռն հեշտալուր ճիչեր արձակելով շուրջ։ Հոն կը բնակեր Զարուհին յուր ամուսնույն հետ։

Երբ երկու սրտեր ամուսնական սիրով զոդված են, իրենց