Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/227

Այս էջը հաստատված է

աստիճանին հասնելեն վերջը՝ կսպաննվեր նույն միջոցին հորում անկախ Հռովմա մահ տալու կը պատրաստվեր։

Կատովն հոսկե մեկնելով արյամբն ոռոգեց զմեծ դագաղն Հռովմա… մահվամբն ուղի բացավ Բրուտոսի ու Քասիոսի որոնց բերնեն վերջնական կերպիվ Հռովմ յուր հետին շունչն ավարտեց։

Աչացս առջև կը պատկերանար Օգոստոս՝ որ Կեսարու թագն արյան գետերու մեջեն քաղելով յուր գլխուն վրա կամրապնդեր աներկյուղ։

Նույն վայրկյանեն մեռան հռովմայեցվոց մեծ ձիրքերը, մեռան մեծ առաքինությունները, մեռան մեծ նահատակությունները։ Անոնց հաջորդեցին սև մատնություններ, ապականություններ, արյան գետեր։

Իզուր Օգոստոսներ, Վեսպասիանոսներ, Տրայանոսներ, Մարկոս– Ավրեղիանոոներ, Թեոթոսներ և Կոստանդիանոսներ փառաց պսակ կը բոլորեին Հռովմա մեռելատիպ ճակտին։

Նույն միջոցին Ս. Պետրոսի հոյակապ տաճարին առջևեն կանցնեի։ Միքել Անճելոյի հանճարին հրաշալյաց վրա անկան աչերս։

Վսեմ հանճարս այդ վսեմ մարմնավորությունը զիս ապշեցուց։ Տեսա թե զորավոր շունչ մ՚անցած էր այդ մարմարիոնին վրայեն և թե հոգի մի տված էր անոր, այնչափ մեծ եղավ իմ վրաս ըրած ներգործությունը։

Ավյունս սաստկացավ, հիշեցի թե հոս Ռափայել յուր Ֆոռնարինան անմահացուցած էր վրձինովը։ Մտածեցի թե ես ևս ունեի իմ սուրբ և անարատ Ֆոռնարինաս։ Այս գաղափարը զիս նոր հրով ոգևորեց, և զգացի թե զսպանակ մ՚էր կարողությանցս զարգացման։

Հոս աչացս առջև ունիմ նկարչական հրաշակերտներ, կենդանության, լույս, հոգի, մինչ սրտիս մեջ կը կրեմ սերն՝ հզորագույն մղիչը աշխատելու, բարձրանալու, մինչ քեզ, Սիրանու՛յշս, հասնելու վերջապես։ Արվեստն և սերը, ահա՛ աշխարհ, մին զմյուսը կարծարծե։ Սերն երկնային իդեական մ՚է արվեստին ներգործությամբը, և արվեստն՝ սիրո ազդեցությամբ անմահություն է։ Ուրեմն, Սիրանույշս, մեզ կը մնա համբերել և զիրար սիրել անդրդվելի հաստատամտությամբ»։