Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/233

Այս էջը հաստատված է

աշխարհիս բոլոր հարստությունները կարժեն, վստահ եղիր։

Թեև Պ. Հայնուռ կնոջը խոսքերեն բնավ չհամոզվեցավ, սակայն անկարող ըլլալով առարկությանցն դեմ պատերազմելու, «Ըսածներդ ոչինչ խոսքեր են», ըսավ, վերջ տալով այդ վիճաբանության ուր յուր հաղթվիլը կզգար, հորդորելով զինքն յուր հրամանն աղջկանը անմիջապես իմացնելու։

ԳԼՈԻԽ ԺԲ.

Դժվար էր Տիկին Հայնուռի կատարելու պաշտոնը աղջկանը նկատմամբ, քանի որ ինքն հասկցած էր արդեն անոր տրամադրությունները Երվանդի նկատմամբ. կզգար թե հարված մի պիտի տար անոր փափուկ սրտին, և սակայն անհնար էր իրեն խնայել անոր։ Հարկը կը պահանջեր որ խոսի, այդ էր ամասնույն կամքը, և պետք էր հպատակիլ, պետք էր աղջկանը որոշ տրամադրությունները ճանչնալ, տարտամ վիճակե մ՚ելնել վերջապես, թեև առաջուց կը գուշակեր յուր բանակցության աննպաստ հետևանքը։

Սիրանույշ առավոտյան սպիտակ զգեստ մի հագած, հերարձակ դաշնակին առջևը նստած՝ ներդաշնակության մելամաղձոտ հեղեղներ կը տարածեր շուրջը, այնչափ հոգվույն խանդն յուր փափուկ մատվըներեն կարտադրվեր։ Կտոր մի կը նվագեր Շոպենի՝ այն անմահ սիրահարին անմահ Ժորժ Սանի, որուն մեն մի խաղը սիրո հառաչ մ՚է՝ սիրո արտասուք մ՚է՝ սիրո ներդաշնակություն մ՚է՝ կը նվագեր օրիորդն՝ նվագարանին մեջ գտնելով այն սիրո վանկերն որ յուր հոգվույն վիճակին կը համապատասխանեին։

Տրտմահույզ մայրն սենյակեն ներս մտավ առանց Սիրանույշին ուշադրությունը գրավելու, այնչափ անձայն կը քայլեր. կայնեցավ աղջկանը ետևը բոլոր ուշադրությունը նվիրելով այդ հոգեզվարճ երաժշտության։ Երբ Շոպենի սրտագին մրմունջին վերջին վանկն՝ իբր հառաչ մի օդին մեջ նվաղեցավ, ոտք ելավ դաշնակահարն ու զմայլրն նշմարելով զարմանաց ու գոհունակության ճիչ մ՚արձակեց.

— Մա՛յր, դու հոս էիր, և ես ոչինչ գիտեի։