—Այո՛, քեզ ունկն կը դնեի սքանչանալով. խոստովանելու է թե լավ երաժիշտ մ՚ես։
—Գիտես, մա՛յր, արդեն թե որչափ երաժշտությունը սիրելի է ինձ, մանավանդ Շոպենի գործերն որք հոգին արբշիռ կընեն անբացատրելի զգացմամբ գրավելով զայն։ Բայց, մա՛յրիկ, մտահույզ կը թվիս ինձ, կը սխալի՞մ արդյոք։
—Մտահույզ եմ իրոք, և կրնա՞մ արդյոք ուրիշ ձևով ըլլալ, երբ քո երջանկությանդ վերաբերող խնդրով մի զբաղյալ եմ։
—Ի՞նչ խնդիր, մա՛յր,— հարցուց Սիրանույշ այլայլելով։
Տիկինը շփոթած էր, չգիտեր ինչ եղանակավ հաղորդել աղջկանն հորը կամքը. քանի մ՚անիմաստ խոսքեր ըրավ ամուսնության վրայոք որք Սիրանույշին սարսափ ազդեցին սակայն, զի հասկցավ թե զինքն ամուսնացնելու խորհուրդ մի կար. վերջապես անհուն հուզմունքով և այլայլությամբ գոչեց «Մա՛յր, խոսե բացարձակապես, կը հայցեմ քեզ»։
Մինչ Տիկին Հայնուռ կը լսեր աղջկան տագնապր նշմարելով, Սիրանույշ վերստին կրկնեց թախանձանքը, որով սրտաբեկ մայրը պարտավորեցավ յուր ամուսնույն կամքը հայտնել անոր։
Երբ Սիրանույշ եղելությունն իմացավ, այնպիսի ապշությամբ ու ցավով գրավվեցավ որ լռեց ու արձանացավ, արտասուք՝ իբր անմռունչ վկայք, աչացը մեջ կերերային յուր հոգվույն հուսահատությունը հայտարարելու համար։ Տիկին Հայնուռ անմխիթար կուսին գլուխը թևերուն մեջ առած՝ անխոս, անոր վշտին կը մասնակցեր։ Վերջապես Սիրանույշ մորը բազկաց մեջեն ելնելով ըսավ. «Մա՛յր իմ անուշ, թույլ տուր որ հայտնեմ քեզ այսօր սրտիս գաղտնիքը, զոր ծածկած էի քեզմե միմիայն մայրենի վեհ հոգվույն անձկություն չպատճառելու համար։ Տղայութենես ի վեր վարժեցա Երվանդին հետ ապրելու, անոր գաղափարներով ու զգացումներով ապրելու, անով հրճվելու, ցավելու և սփոփելու։ Մա՛յր իմ, զիս Երվանդեն բաժնելով սիրտս ու երիտասարդությանս ծաղկունքը կը հոշոտեք։ Ես խոստացա Երվանդին մշտատև հավատարմություն։ Գուցե զարմանաս թե զայս ամենայն գաղտագողի գործեցի։ Բայց վստահ եմ որ զքեզ որևէ մտատանջութենե ազատ պահելու դիտավորությունս ըմբռնելով՝ կատարածս