Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/238

Այս էջը հաստատված է

ու հայրենի սրտիդ գանձերով զիս միշտ ողողած։ Լուր ուրեմն թախանձանացս»։

—Ի՞նչ է խնդրածդ, աղջի՛կս,— ըսավ, զինքը գետնեն վեր վերցնելով։

—Հա՛յր, ունկն դիր որդիական ձայնիս, խնայե ինձ, թույլ տուր որ մերժեմ բախտն որ կը պատրաստես ինձ։

— Թո՜ւյլ տամ։ Սիրանո՛ւյշ, երիտասարդ ես դու տակավին ու չգիտես թե ինչ է երջանկությունը և ինչով կը գոյանա։

—Հա՛յր, եթե կանգիտանամ թե ի՛նչ է կյանքը, գոնե չեմ անգիտանար թե ի՛նչ է սիրտը։

— Սիրտը պարզ երևակայական բառ մ՚է, երիտասարդական ցնորք մի՝ որ իրականության առջև կոչնչանա։

—Բայց, հա՛յր իմ, սիրտ մ՚որ գոհ է, որ համակրությամբ լի է, ու ուրախությամբ կը թրթռա, ահա ճշմարիտ երանավետ կյանքը։

—Աղջի՛կս, համարելով թե ըսածդ ստույգ ըլլա, սրտին գոհունակությունն ու երջանկությունը՝ ինչպես դու կուզես անվանել, շուտ կոչնչանա եթե կենաց անդորրությունը պակսելու ըլլա։ Իսկ կենաց առավելությունները կը վայելես, բաղձանքներդ կը կատարես, երազներդ կիրականացնես, կը շոյվիս, կը փայլիս, կը փառավորվիս։ Եթե ավելցնես հարստության առավեկությանց վրա շքեղ պաշտոնական վիճակ մ՚ալ, հայնժամ իշխանուհվո կացությունը կունենաս։

—Ի՞նչպես արդյոք կրնամ այդ շքեղությունը, այդ պերճանքը վայելել, երբ սիրտս իբր ողջակեզ մատուցանելու եմ նույն խորանին առջև ուր բախտս օտարի մը ձեռաց պիտի հանձնեմ։ Երբ սիրտս մեռած է հիս, ինչո՞վ կրնամ այդ փայլուն վիճակը վայելել։ Պսակի խորհուրդը մահվան խորհուրդն ալ պիտի ըլլա միանգամայն։ Հա՛յր իմ, թո՛ղ որ ապրիմ, հրաժարե խորհուրդեդ։

—Այսինքն կուզես որ հաճիմ բոկոտն նկարչի մի տալու զքեզ ի հարսնություն, գործավորի զավկի մի, ուրիշի ողորմությամբ սնած անանուն սրիկայի մի որ հյուրրնկալութենես օգուտ քաղեց զքեզ զգլխելու, մինչև անվանս, մինչև հարստությանս հասնելու համար։ Մի՛ հուսար երբեք թե հաճությունս կստանաս, ո՛չ, ո՛չ, զի այդ նվաստանար։