Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/239

Այս էջը հաստատված է

Իսկ եթե կը ճանչնաս իրոք իմ հայրենի գորովս քու նկատմամբ, անմիջապես հպատակե կամացս. ընդվզելովդ արդեն ոճիր գործեցիր, և անմիջական զղջմամբ միայն ներումս կստանաս։

— Հա՛յր,— գոչեց, նվաղյալ ձայնիվ, հեգ աղջիկն,— ողորմե՛ ինձ։

— Ողորմիլ չգիտեմ ես, հպատակե կըսեմ քեզ,– գոռաց սրտմտյալ հայրը։

Պ. Հայնուռի ձայնն որ հետզհետե բարձրացած էր՝ նվազեցավ հանկարծ հուզմանը սաստկութենեն ։

Տիկինն՝ ամուսնույն վերջին սպառնալից խոսքերը լսելով՝ սենյակեն ներս ընթացավ հօգնություն յուր աղջկան։

Պ. Հայնուռ զինքը տեսնելուն պես մեղադրանաց խոսքեր արատասնեց տիկնոջ դեմ, անվանելով աղջկանը երանության դահիճը՝ որ իբր մայր՝ կույր և անպիտան՝ ապերասան երիտասարդի շահախնդիր դիտավորությանց վերահասու չէր եղած։

Կը լռեր համբերատար մայրը։ Բայց Սիրանույշ չկարենալով հանդուրժել այդ նախատալից խոսքերուն յուր մորը նկատմամբ՝ գոչեց.

-Հա՛յր, ինչո՞ւ կը մեղադրես մայրս եթե չկարողացավ արգիլել այն սուրբ զգացումն երիտասարդի մի համար որ ազնվամիտ է և առաքինի, և զոր համակրությամբդ կը պատվեիր։

-Ըմբոստ աղջի՛կ, դու կը համարձակի՞ս պաշտպանել տակավին այդ անզգամը, կորի՛ր առջևես։

Տիկին Հայնուռ դողասարսուռ՝ փորձեց ամուսնույն կիրքը սեղմելու, բայց նա՝ իբր հրեշ մոլեգին գոռաց.

-Ա՛ռ աղջիկդ և սենյակեն դուրս ելիր։ Դու ես բոլոր բարկությանս պատճառը, ու զքեզ տանս իբր մեծագույն թշնամին պիտի նկատեմ միշտ։

Ողորմելի մայրը կարծես թե ոչ ևս շունչ ուներ, ու կը հանդիսանար իբր վսեմ զոհ մայրենի եզական սիրույն։ Բայց երբ նշմարեց Սիրանույշին դեմքին այլագունիլը, և աչերուն նվաղիլը, ճիչ մ՚ արձակելով դեպ աղջկանն ընթացավ, ու ժամանակին հասավ զինքը բազկացը մեջն առնելու համար։

Նվաղյալ էր Սիրանույշ։