Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/245

Այս էջը հաստատված է

աներկյուղ կը ցնծային թե՛ տանը մեջ և թե՛ այլուր, վասնզի տիկին Հայնուռ խիստ սիրելի էր յուր շրջակա անձանց որքան և օտարականաց, այնչափ բարեսիրտ էր այն և ազնիվ։ Ավելորդ է խոսիլ մեր երկու երիտասարդուհյաց ուրախության վրա։ Իսկ արդար ըլլալու համար խոստովանելու է թե Պ. Հայնուռ կատարելապես մեկ կողմ թողուցած էր աղջկանն ամուսնության խնդիրը՝ կինը կորսնցնելու վախեն ամբողջապես գրավված, և թե անկեղծորեն կը ցնծար այդ ապաքինության վրա։ Վտանգի օրերը տանը մեջ փակված էր ամեն գործ մեկ կողմ դնելով, և մեծ մասամբ հիվանդին սենյակին դռան մոտ նստած ամեն ձայնի ունկնդիր էր, և շարունակ լուր առնելու ակնդետ: Վասնզի ինչպես արդեն գիտենք, բացի երկու երիտասարդուհիները և սպասուհին մի որ հարկ եղած ժամանակ միայն սեյնակն ներս կը մտներ, ոչ որ հրաման ուներ հիվանդին մոտենալու:

Սիրանույշ ուրեմն յուր սիրելի մայրը, բայց ի՞նչ պայմանով. զայդ ինքը միայն գիտեր։ Կզգուշանար կատարելիք զոհին խորության վրա ակնարկ մի նետելու. սիրտն անզգայության կը մղեր, կուզեր մեռցնել զայն Երվանդի պատկերով արտաքսելով յուր հոգիեն, որպեսզի արիությամբ գործադրե այն խոստումը զոր ըրած էր երբ մայրը մահվան ավարն ըլլալու կը պատրաստվեր։

Ապաքինության վիճակը շարունակելով տիկին Հայնուռ անկողինեն ելած էր քանի մ՚օրե ի վեր, ու երկար բազմոցի մի վրա տարածված պատուհանին առջև։ Առավել կմախք մի կը հանդիսացներ նա քան թե կենդանի արարած, այնչափ մեծ էր և սոսկալ՝ նիհարության աստիճանը։ Տիկինը հոգնաբեկ աչերը մերթ ընդ մերթ յուր շքեղ պարտեզին ուղղելով կը վայելել գեղեցիկ ծաղկանց ու դալարեաց տեսարանը մինչ գլուխը Սիրանույշին ուսին վրա կոթնած էր, ու Զարուհին ձեռքը բռնած կը շոյեր զայն շարունակ, կը խոսեր, կը դայլայլեր, և շատ անգամ կը լռեր հիվանդը հոգնեցնելու երկյուղիվ։

Անխոս կը կենար Սիրանույշ, միտքն այլ ուր էր. Զարուհվույն ուրախալից ձայնը չէր լսեր նա, չէր գիտեր թե ո՜ւր էր, չէր զգար որ մայրը սրտին վրա կը հանգչեր։ Սիրելի պատկեր