Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/246

Այս էջը հաստատված է

մի հանդեպ իրեն կեցած էր տխուր և հուսահատ. զայն ինքը միայն կը նշմարեր հոգետեսությամբ. կը թախանձեր իրմե որ զինքը չզոհե՝ այլ սիրե ինչպես սիրած էր միշտ, և հիշե իրեն ըրած հավատարմության խոստումը։ Հանկարծ թվեցավ իրեն որ զինքը «Ուխտադրուժ» կանվաներ սրտմտյալ ձայնիվ։ Սիրանույշ յուր տկարանալն զգաց, կարծեց թե՝ պիտի նվաղեր։ Բարեբախտաբար ոչ մայրը և ոչ իսկ Զարուհին կրնային զինքը տեսնել՝ առած դիրքին պատճառավ, հետևապես դիտել յուր տարապայման վիճակը։

Բայց ահա տիկին Հայնուռ աղջկանը ձայնը չլսելով ըսավ «Ի՞նչ ունիս, Սիրանո՛ւյշ, ինչո՞ւ չես խոսիր. մի գուցե՞ հիվանդ ես» ու այլայլությամբ գլուխը վեր առնելու հաջողելով ուզեց անոր երեսը նայիլ։

Սիրանույշ ցնցվեցավ այդ մայրենի ձայնին քաղցրությամբը, ու բռնի ժպտով մի պատասխանեց, ըսելով.

«Մայրի՛կ, Զարուհվույն մտիկ կընեի։ Հանգիստ եղիր քաջառողջ եմ ու ապաքինությամբդ կը հրճվիմ»։

Այս խոսքերն ըսելով Սիրանույշ մորը դալուկ երեսին վրա աչերը խոնարհեցնելով՝ հուզվեցավ. ու բնավ բան չհայտնելով զինքը սրտին վրա սեղմեց եռանդագին, նորեն մորն երեսը նայեցավ, ու վայրիկ մ՚իրմե հեռանալու հրամանը խընդրեց աննշան պատճառ մ՚առարկելով։ Հաճեցավ տիկին Հայնուռև մանավանդ զինքն ուժգին հորդորեց երթալ պարտեզը շրջագայելու։ Սիրանույշ դուրս ելավ վերստին մորն ակնարկ մ՚ուղղելով, զի անոր ներկայութենեն ուժ կը փնտրեր յուր վհատյալ սրտին։ Քայլեց արիությամբ դեպի սենյակն այն ուր հայրն առանձին էր։ Տիկնոջ հիվանդության ժամանակ իրարու մեջ բնավ դժգոհության պատճառ տեղի չէր ունեցած, այնչափ անոր վտանգալից վիճակն ամեն անհամաձայնությանց վերջ էր տված։ Բայց երբ ամեն վտանգ անցավ, ապահովությունն ու հանդարտությունն սկսան տիրել տան մեջ, Պ. Հայնուռ վերստին խրոխտ կերպարանք մ՚առավ, կարծես աղջկանը հիշեցնելու դիտավորությամբ թե ամրապինդ կեցած էր առաջին պահանջմանցը մեջ։

Երբ Սիրանույշ սենեկեն ներս մտավ, հայրը զարմացավ