իսկ իրենց սիրույն տևողությունն՝ իբրև ապահովագույն ավանդարանի։
Երբ Սիրանույշ ավարտեց նամակին ընթերցումը՝ զգաց թե ամպ մի տեսությունը կը գրավեր, թե սենյակը խույս կուտար ոտիցը ներքև և ահա հեգ երիտասարդուհի գետին անկավ նվաղած։
Տիկին Հայնուռի հիվանդութենեն ի վեր Զարուհին թողած էր յուր բնակարանը ու ամուսնույն հետ միատեղ սույն տիկնոջ տանը մեջ կը բնակեր։
Գեղեցիկ գիշեր մ՚էր. խումբ֊խումբ ամպեր երկնից վրա տարածված էին։ Լուսինը մերթ մեկ ամպին ծայրեն կը մտներ անոր թափանցության մեջ անհայտ ըլլալով, մինչ շողո ճաճանչ մի այդ օդային վարագույրին շուրջը լուսավորելով գեղանվույն ներկայությունը կը մատներ, և մերթ ամպին հակառակ ծայրեն ելնելով հաղթանակավ կը սիգար այն լուսով և պայծառությամբ։ Բնությունր կարծես թե շունչ չուներ և ոչ ձայն, այնչափ ամեն ինչ հանդարտ էր և անխոս։
Զարուհին պարտեզ իջավ Հրանտին հետ, շրջագայեցավ, ամուսնույն թևին վրա հեցյալ. նայեցավ երկնից, ծաղկանց, տերևալից հովանյաց և գոչեց.
—Հրա՛նտ, տես սա ամպը, կարծես թե գորովո ճնշմամբ կը սեղմե զլուսին, տես ծաղիկը որպիսի գուրգուրանոք կը խնամվի յուր փափուկ ճյուղին վրա հառաջ քան գեղաբույր դեմքն օդին մեջ ծածանելու: Տե՛ս, ինչպես տերևներն իրարու վրա կը հենուն և ինչպես հաշտ կերպիվ կը թրթռան նույն ճյուղին վրա, մինչ թռչնիկը հոն կը զետեղե սիրո բույնը, հոն կերթևեկե, հոն կերգե, հոն կը հրճվի։ Տե՛ս, մենք ևս սեր ենք, թևս քուկինիդ վրա ապաստան փնտրած է՝ ինչպես և հոգիս հոգվույդ վրա։
—Զարուհի՛դ իմ,- պատասխանեց Հրանտ, — բնության մեջ ըստ ինքյան ամեն ինչ ներդաշնակություն է։ Ուր ուժերը հավասար են, հոն ճնշում չկա, հոն հարստահարություն չկա, հոն զեղծում չկա, հոն բնության օրինաց տապալումը