եթե կրկնապատկես օրինակները՝ այնպես որ իբրև բնական ընթացք ու առօրյա իր համարիս անհավասարութենեն հետևած ընդհատումները, ազնվականութենեն ծնած իշխանության ճիվաղներր, կրոնքի կեղծավորութենեն կազմված ատելության աղբյուրները, փառամոլ տենչերե հետևած նվաստությունները, զարնողին ու զարնվողին մեջ տիրած զորության տարբերությունները, սիրողին և չսիրողին մեջ՝ մեկ կողմե երևցած վիշտերն, ու մյուս կողմեն նենգությունները։ Եթե այս ամենայն միացնես, կասեմ, խառնակության, մոլության, անբարոյականության, ատելության, մաքառման հրեշ մի կը ծնանի՝ այսինքն ընկերության արդի վիճակը կունենաս աչացդ հանդեպ:
Բայց մարդս այնչափ ամեն բանի կը վարժի որ կընտելանա նույն իսկ տգեղին, չարին, արյունահեղության, տանջանաց, ստրկության, անոթության, և նույնիսկ մահվան։ Կը նեղվի առանց սակայն ճշտիվ ըմբռնելու յուր տառապանաց պատճառ ու առանց հետազոտելու զայն։ Կապրի իբր անասուն մերթ համակերպելով, մերթ մռնչելով, մերթ մաքառելով, մինչև օր մի յուր վիճակն զգա, յուր էությունը քննե, պահանջե, և պահանջածը ստանա։ Բայց ո՞րն է այն օրը։
Այն օրը կը ծագի երբ մտքերն իրենց խոր գիշերեն կելնեն, ու խիղճերր կրոնական շղթաներեն կազատին։ Հայնժամ մարդիկը կը նային տգեղին, չարին, արյան, տանջանաց, անոթության, զզվանոք նայվածք մի կարձակեն անոնց, դառնության զգացում մի կզգան, իրերը կը հետազոտեն, պատճառները կը քննեն, կը շարժին, կը գործեն, կը մրցին, ու կըսեն «Մինչև ցարդ ապրեցանք իբր անասուն, այսուհետև ապրինք իբր մարդ»։
Լռեց Հրանտ, մինչ Զարուհին լսածին վրա կը մտախոհեր, և ահա դիպվածով աչերը Սիրանույշին պատուհանին ուղղելով «Հրա՛նտ, գոչեց, քույրս չէ քնացած տակավին քանի որ լույս կա սենեկին մեջ։ Վստահ եմ որ Երվանդին նամակը կը կարդա դեռ. բայց արդյոք քանի՞ երրորդ անգամն է ընթերցելու։ Եկո՛ւ երթանք և ճիշտ հաշիվը պահանջենք իրմե, ըսավ խնդալով։ Տեսնենք եթե կարող է տալ զայդ»։
Ժպտեցավ Հրանտ ու «Երթանք» ըսելով, հասան միատեղ