որևէ օգնութենե հույս չկա հետևապես Երվանդին կենակից ըլլալու փափագս սին երազ մի կը համարիմ։ Խորհեցա թե հիմարություն է պայծառ ապագա մի զոհելը իդեական երևութի, ու փութացի հորս զղջումս իմացնել յուր կամացը դեմ ըմբոստ ըլլալուս համար։ Հայրս հաճությամբ լսեց խոստովանությունս, և հարկ եղած պատրաստությունները պիտի ընե յուր փեսայացուն մոտերս ընդունելու համար։
—Սիրանո՛ւյշդ իմ,— կոչեց խռովահույզ մայրը,— դու խաբել կուզես զիս. քու կամքդ է զոհվիլ ինձ համար, ո՛չ, ո՛չ, չեմ կրնար հաճիլ երբեք։ Եթե հարկ է մաքառիլ հորդ դեմ՝ ես կը մաքառիմ. եթե հարկ է նախատանաց նպատակ ըլլալ ես կը նախատվիմ առանց բնավ փույթ ընելու, բավ է ինձ տեսնել զքեզ գոհ և ուրախ, այսու պայմանավ հանդուրժելի է ինձ ամենայն ինչ։
-Ո՜վ հրեշտակ սիրո,— գոչեց Սիրանույշ, մայրենի գիրկն իյնալով,- եթե քու գոհունակությանդ կարենամ նպաստել ահա իմ գերագույն երջանկությունս։ Բայց, լո՛ւր ինձ խնդրեմ ըսավ, հոտս կանգնելով, լուր ինձ և հավատա խոսքերուս։ Մի՛ զիս իբրև զոհ նկատեր քանի որ հայրս բնավ նոր բռնաբարության մի չըրավ և ոչ իսկ բառ մ՚արտասանեց անցյալ վեճերնուս նկատմամբ մեր վերջին խոսակցութենեն ի վեր։ Կերդնում քեզ թե խոստովանությունս կատարելապես ճշմարիտ է։ Մա՛յր, կուզե՞ս ուրեմն որ հալածեմ բախտն որ ինձ ընդ հառաջ կուգա։
-Դու հոգվույս հատորն ես, և ի՞նչպես կրնաս մտածել թե մինչ սրտիդ խորը թափանցելու անկարող ըլլամ, զավակս,— ըսավ դժբախտ մայրը։– Համոզված եմ որ դու սիրով միայն կրնաս ապրիլ, ու սիրո մեջ կրնաս գտնալ կենացդ երջանկությունը։ Դու ճշմարիտ կինն ես որուն սնունդը գորովո զգացումն է։ Վա՜յ այն կնոջ որ յուր սիրույն ցոլացումը ուրիշ սրտի մեջ չփնտրեր, ու բնավ չզգար պետքը ուրիշի երջանկության յուր անձը նվիրելու, և ուրիշ հոգվո մի փոխադարձ անձնվիրությամբը ապրելու։ Եթե մարդս բանականությամբը մեծ է, զգացմամբը վսեմ է. իսկ ոչ ուրեք սիրո զգացումն այնչափ նրբացած է որչափ կնոջ սրտին մեջ։ Այո՛, կնոջ սիրտը դաշնակ մ՚է որ կը թրթռա գորովո ցնցման ներքև