երկնային նվագ մ՚արձակելով։ Բայց ընդհակառակն երբ փառամոլությունը պաշտոն կը վարե սիրտը շարժել տալու կը պայթի այն սոսկալի որոտմամբ։ Հոգի մի որ անբիծ սիրո ենթակա չէ անարև աշխարհ մ՚է, մոլությանց բույն մ՚է ուր ճիվաղները խորհուրդ կը կազմեն։ Սիրանո՛ւյշ, կուզե՞ս արդյոք որ դու ևս այդ հրեշներուն բույնը եղած ըլլաս. ո՛չ, զավա՛կս, ոչ երբեք հավանությունս կուտամ կարծյաց փոփոխության Երվանդի մասին երբ դու զինքը այնչափ կը սիրես։ Ի՞նչպես արդյոք հաջողեցար այսչափ սուղ միջոցի մեջ գրավել այն խորին զգացումն որ հայտնած էիր անոր նկատմամբ։ Որդիական սրտիդ զոհը ոչ երբեք կրնամ ընդունիլ, ապահով եղիր:
-Լու՛ր, մա՛յր. նույն օրն որ դու հիվանդացար՝ զԵրվանդ իբրև պատճառ աղետիցդ նկատեցի, և երբ թանկագին կյանքդ կորստյան մատնված տեսա, այնպես Երվանդեն զզվեցա որ ուխտեցի երկնից առջև անոր ընկերակիցն երբեք չըլլալ: Ուխտեցի, մայր, և փոխանակ ուխտադրուժ ըլլալու երկնից՝ կը նախադասեմ վանքի մեջ երիտասարդությունս թաղեի կ՚երդնում քեզ թե այս է վերջին իմ որոշումս։
-Վա՞նքը, երբեք, վանքը դառնագույն է քան զմահ, զի կենաց մեջ ամեն վայրկյանի մահն է, զավակս։
-Ուրե՜մն, մա՛յր…
-Համարելով թե իրոք անմեղն Երվանդ իմ աղետիցս պատճառն ըլլար և դու կամենայիր իրոք զինքն հալածել քու սրտեղ, ինչո՞ւ կուզես այսպես փութով բախտակից ըլլալ Դարեհյանի, ինչու՞ կուզես զոհվիլ, աղջի՛կս։
- Մա՛յր, երջանկությունս պիտի ապահովեմ ամուսնությամբս այդ անձին հետ, քանի որ հաճելի թվեցա իրեն, և հետս կուզե ամուսնանալ ոչ թե շահախնդիր նպատակի, այլ պարզապես սրտին վրա ազդեցություն ըրած ըլլալուս համար։ Անշուշտ երջանկություն կենացը նպատակ ընտրած պիտի ըլլա, ի՞նչ առավելն կրնամ փափագիլ ուրեմն։
—Սիրանո՛ւյշդ իմ, սիրտդ բողոք կը բառնա այդ խոսքերուդ դեմ. դու ընդ վայր կը ջանաս զոհվիլ քու որդիական սիրույդ. երբեք հաճություն չեմ տար քեզ, կը կրկնեմ դարձյալ։