Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/260

Այս էջը հաստատված է

-Համարելով, մա՛յր, որ զոհ մի պիտի ընեմ, զայդ ապահովապես պիտի կատարեմ սակայն, երկնից առջև ուխտադրուժ, և հորս առջև խոստմնազանց չհանդիսանալու համար։

-Ազատ ես դու, ըստ քմացդ գործելու ուրեմն, առանց մայրենի հավանությունն ստանալու։

-Մա՛յր իմ, մա՛յր իմ,— գոչեց սրտաբեկ աղջիկն, մորն ոտիցն առջև իյնալով.-խնայե ինձ, ոհ, մի՛ այլևս ընդդիմանար կը թախանձեմ քեզ, զի շատ ուշ է արդեն, Պ. Դարեհյան մեր հյուրը պիտի ըլլա հոս երեք օրեն. կը տեսնես ուրեմն որ ամեն ինչ տնօրինված է այժմեն։ Մա՛յր, հավա՛տա սակայն որ երջանիկ պիտի ըլլամ քանի որ Պ. Դարեհյանն հետս ամուսնանալովը ինձ համար ունեցած համակրությունը կը հայտնե։ Միթե չգիտե՞ք որ ամեն ծնողք կը փափագեին իրենց աղջիկն տալ անոր ի հարսնություն, և սակայն ինքը զամենքը մերժած էր, վասնզի անոնք յուր սրտին վրա բնավ ազդեցություն չէին ըրած կերևա, և հետևապես անոնց հետ ամուսնանալով չէր ուզած թշվառության մատնել զանոնք։ Երբ սիրվիլս զգամ ի՞նչ պատճառ կրնամ ունենալ երջանիկ չըլլալու, մա՛յր։

Զայս ըսելով՝ Սիրանույշ միշտ ծնրադրած մորն առջև, ձեռքերը կը համբուրեր անոր հավանությունը խնդրելով։

Տիկինը զորդին գրկելով վեր առավ ու ըսավ.

-Որդյա՛կս, երանի՜ թե այդ կատարելու զոհեդ երջանկություն բխի քեզ համար. երանի թե որդիական ազնիվ սիրույդ վարձատրությունը ստանաս։ Բայց այժմեն կըսեմ քեզ, եթե՝ երկինք մի արասցեն, տառապիլդ տեսնեմ, մի՛ կարծեր որ կրնամ ականատես ըլլալ վշտացդ, մի՛ կարծեր որ կրնամ ապրիլ։

-Ոչ, մա՛յր, պիտի ապրիս,— գոչեց ողորմելի կույսը, ոգեսպառ եղած յուր սրտին և մորը դեմ այդպիսի դժոխային մարտ մի մղելեն վերջը։

Տիկին Հայնուռ յուր ձեռացը մեջ առավ զգգվելի գլուխն յուր դստեր, համբուրեց զայն մայրենի սիրույն բոլոր ուժովն ու այլայլալ ձայնիվ ըսավ.

«Զավա՜կս, երանելի եղիր»։