Լեոնարտո դժբախտ սիրո վանկը ժողովրդյան երեսին կարձակեր՝ հոգիները կը հուզվեին առանց գիտնալու թե զիրենք այլայլող, դյութող խազերը սրտի մ՚երկունքն էին։ Գեղանի դերասանուհին նախ արհամարհանոք լսած էր այդ երկունքը, բայց ապա ընկճած էր անոնց բուռն ազդեցութենեն։
Լուքրեցիան թեպետ երևելի տաղանդ մի չէր, սակայն նշանավոր եղած էր անձնական շնորհքներովն, ու շատ առավել զոհեր ըրած էր գեղեցկությամբը քան թե երաժշտական կարողությամբը։ Երբ Լեոնարտոն անոր հետ ամուսնացավ՝ կարծես թե յուր ձայնին մեջ շող մի կար, որ լուսավառ հոգվույն արտահայտությունն էր։ Բայց այդ շողը շուտ նսեմացավ, զի վեց տարիե վերջը մեռավ չքնաղ Լուքրեցիան՝ թողլով ամուսնույն երկու որդի, ու երջանիկ անցյալ օրերու հիշատակը։ Ինչպես որ Լեոնարտոն լույս մ՚ունեցած էր երգին մեջ երբ բարեբասա էր, նույնպես սև թառանչ մի, հեծկլտանք մ՚ունեցավ երբ դժբախտ եղավ. յուր ձայնը կուլար ողբագին բեմին վրայեն. աոամն որ կը ներկայացներ, յուր խափանյալ կենաց առումն էր։
Զուրկ յուր ամուսինեն՝ Լեոնարտո յուր երկու որդվոց՝ Վիրճինիոյի ու Ճուլիայի համար ապրեցավ միայն, անոնց հայր ու մայր եղավ, և բոլոր վայրկյանները թատրոնեն դուրս՝ զավակացը հատկացուց։ Վիրճինիոն ու Ճուլիան երկու փայլուն աստղունքն էին որք յուր սրտին ավերակները կը լուսավորեին։
Վիրճինիոն գեղեցիկ, սևաչյա երիտասարդ մ՚էր, կանոնավոր դիմական գծերով։ Իսկ Ճուլիան՝ կապույտ աչերով, սպիտակամորթ, փափուկ գծերով, խոհուն դիմոք, չքնաղ և նրբատիպ պատկեր մ՚էր որ զյուր մայր կը հիշեցներ Լեոնարտոյի կրկին անգամ սրբանվեր հանդիսացնելով զինքը։ Այս երկու շնորհալից արարածները զիրար կը սիրեին եղբայրական սերտ սիրով, ինչպես իրենց հայրը կը պաշտեին որդիական անհուն զզացմամբ։
Երբ Լեոնարտո կերգեր յուր սենեկին մեջ, Ճուլիայի հոգին կարծես թե քնար մ՚էր որ կը թրթռար հորը շունչին ազդեցության ներքև։ Իսկ հրավառ Վիրճինիոյի աչերը կը բևեռվեին պատեն կախված յուղաներկ պատկերի մի վրա որ ընտիր