տաղանդի կը վերագրվեր։ Հայնժամ թվեր երիտասարդին որ ներկված մարմինները կը շարժեին, ներդաշնակության աշխարհին հրաշալիքը կը լսեր. իսկ Վիրճինիոն անսահման իդեականին գեղեցկությունները կը նշմարեր։ Երաժշտություն և նկարչություն, այսինքն մեղեդիք և ճառագայթք. երկուքն ալ հոգվույն կը հասնին տարթեր ուղիներով։
Երաժշտություն հոգիները մխիթարելու, բարվոքելու և արիացնելու նպաստած է միշտ, ազգաց կացության համակերպելով. վայրենի, թուլամորթ թե վսեմ, ժողովրդոց ճաշակաց պատկերը հանդիսացուցած է։ Սրտերը քաղցր երգերով առ գեղեցիկ տարած է, և կամ վսեմ վանկերով ի հուր ի բոց մղած է՝ մեծ դատի, մեծ սկզբան ի պաշտպանություն։ Աղոթելու, ուրախանալու և հառաչելու համար, տարբեր ձայներ կը մատակարարե երաժշտությունը, որք ամենն ալ իրենց տեսակին մեջ եզական են ու հոգեգրավ։ Ով որ անտարբեր կը մնա նվագարանի անդիմադրելի ազդեցությանն, զգայարանք մի նվազ ունի, և կամ անգործածութենե կատարելապես ժանգահար է այն։
Երբ Ճուլիան տասնևհինգ տարեկան եղավ, սկսավ երգ ուսնիլ հորմե։ Այնչափ զգացմամբ կերգեր նա, որ եթե ընդարձակ ձայն մ՚ունենար անշուշտ փայլուն ապագա մի կունենար թատերական ասպարեզին մեջ։ Բայց Ճուլիան նախասահմանված էր համեստ և լռին կացության. կյանքն ինչպես և մահն անշշուկ պիտի անցանեին իբր մեղմ հառաչանք մի։ Կաճեր նա շնորհոք ու համեստությամբ ընտանեկան և երաժշտական վայելից մեջ, ու թեև գոհ կապրեր, շուրջը դատարկություն մի կզգար, և կամ լավ ևս ըսեմ կիմանար թե սրտին մեջ ճառագայթ մի կը պակսեր զայն լուսավորելու համար։
Քսան տարեկան էր Ճուլիան և քսաներկու՝ Վիրճինիոն. սա նվիրած էր անձը նկարչության և ընտանյացը, նվիրած էր նաև գեղեցկադեմ աղջկան մի՝ անթերի անձնվիրությամբ պարկեշտ ու բուռն հոգվո մի որ առաջին անգամ կը սիրե սուրբ և անկեղծ սիրով։ Նույն ժամանակին հանդիպեցավ Երվանդին։ Երկու երիտասարդաց հանապազօրյա տեսությունը, նույն ճաշակները նկարչական արվեստին մասին, գրեթե նույն կյանքը, փոխադարձ համակրություն մի, երկու բնավորության