Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/269

Այս էջը հաստատված է

Երվանդ՝ գեղեցիկ անձնվիրությամբ, կը ճգներ անոր կսկիծը թեթևցնել, առանց երևակայելու թե ինքն անձամբ անմեղ դահիճն էր Ճուլիայի:

Հեգ աղջկան աչերուն փայլը սկսավ նվաղիլ, դեմքին վարդերը դալկանալ, ձայնը տկարանալ։ Երբ կորաքամակ ու դանդաղաշաժ կը շրջեր սենեկին մեջ, ո՞վ արդյոք կրնար ճանաչել զՃուլիան։ Գարնանային վարդը սիրո ցուրտին սաստկութենեն կը թարշամեր. կը մեռներ վասնզի սրտի շող մի մերժված էր իրեն:

ԳԼՈՒԽ Ի.

Օր մի Լեոնարտոն մասնավոր ստիպողական զբաղմունք մ՚ունենալով, և չուզելով զյուր դուստրը առանձին թողուլ տան մեջ նույն իսկ քիչ ժամանակի համար, հարմար առիթ դատեց օգուտ քաղելու: Երվանդի ներկայութունեն՝ հանձնարարել յուր խնամոց զՃուլիան մինչ յուր վերադարձին։ Մեկնեցավ հայրն հանգիստ սրտիվ, ու մեր երկու երիտասարդները մնացին առանձին։ Օրիորդն սկսավ շփոթիլ, դալկահար դեմքն թեթև կարմրությամբ մի ներկվեցավ, ու հազիվ հազ կրնար պատասխանել հարցմանց Երվանդի որ ապշությամբ կը դիտեր անոր այլայլությունը։

-Ճուլիա՛,— ըսավ հուզվելով,— ի՞նչ եղար, ի՞նչ կզգաս։

-Ոչինչ,– պատասխանեց աղջիկը, աչերը գետնին վրա բևեռած:

-Խոսե՛,— կը կրկներ աղերսագին,— ի՞նչ է ցավդ, ի՞նչ կը փափագիս, ինչո՞ւ այսպես անխոս կը հյուծիս զմեզ տխուր մտատանջության մատնելով։ Դու կը տարակուսի՞ս արդյոք անսահման բարեկամութենես քեզ նկատմամբ, կը տարակուսի՞ս անձնվիրութենես։

-Ո՜հ, ոչ երբեք։

-Ուրե՞մն, Ճուլիա։ Դու քույր մ՚ես ինձ համար, խոստովանե ինձ վիշտդ, ու վստահ եղիր թե պիտի ջանամ զայն սփոփել որևէ կամքդ կատարելով։

-Եվ եթե անկարելի է,— ըսավ Ճուլիան հուզվելով,— ի՞նչ կընես հայնժամ։

-Գուցե քեզ համար անկարելին ինձ համար կարելի է։