—Ի՜նչ երանելի եմ,— ըսավ,— կզգամ թե կրնայի ապրիլ և սակայն պետք է որ մեռնիմ։
Երվանդ ետ քաշվելով օրիորդին քովեն՝ ըսավ.
— Ո՛չ, ո՛չ, չպիտի մեռնիս, մեյ մ՚ալ աչդ խոսքը մի՞ զրուցեր։
— Ուրեմն պիտի սիրե՞ս զիս — հարցուց աղջիկն տարօրինակ այլայլությամբ մի որ կարծես թե յուր ուժը կրկնապատկած էր։
Երվանդ կը լռեր։
Ճուլիան որ այնչափ զորությամբ մարմինը վեր առած էր, բոլորովին ուժաթափ եղած, գլուխը նստարանին վրա նետեց ու ապա ըսավ խոր վհատությամբ.
— Կը տեսնես, Երվա՛նդ, որ իրավունք ունեի ըսելու քեզ թե խնդրածս անհնարին էր։ Ոչ այլ ինչ կը մնա քեզ ընել եթե ոչ թողուլ զիս սև բախտիս։
Երվանդի վիճակն անհանդուրժելի էր, դժոխային տանջանոք կը ծփար գթության և սիրո պարտազանցության ու պարտուց գաղափարին մեջ։ Աչքն Ճուլիայի մահագույժ երեսին վրա անկավ, ու հոգուն և խիղճը չարժեցան հանկարծ։
—Ճուլիա՛, զիս կսպաննես,— գոչեց հուսահատությամբ, ու անոր մոտենալով ձեռքը առավ յուր ձեռաց մեջ և զայն ուժգին սեղմելով,— «Ճուլիա՛, Ճուլիա՛, գթա իմ վրաս, պիտի հիմարիմ»։
Նույն միջոցին ոտքի ձայներ լսվեցան։
Ճուլիան այլայլությամբ ըսավ Երվանդին.
—Երդում ըրե և ոչ մեկու հաղորդելու կենացս սուրբ գաղտնիքը։
–Կերդնում,— պատասխանեց երիտասարդը։
Նույն վայրկենին Լեոնարտոն գործն ավարտած ըլլալով աղջկանը սենյակը կը մտներ, շնորհակալ ըլլալով Երվանդին յուր կատարած եղբայրական հոգատար պաշտոնին համար։
Թողունք այդ Իտալացի ընտանիքն և դառնանք Հայնուռ ընտանյաց։