կատարեր, քանի որ ամեն ինչ պատրաստ էր արդեն յուր հարսնացուն արժանավայել շքեղությամբ ընդունելու համար յուր հարկին ներքև։
Իսկ Սիրանույշի նկատմամբ, երկու՜ շաբաթ, անողորմ րոպե մ՚էր որ յուր երջանկության երազները պիտի առներ տաներ, թաղեր, ոչնչացներ։ Երկու շաբաթ ուներ միայն շոյելու համար այն սրբանվեր պատկերն որ պիտի աքսորեր՝ ոչ յուր սրտեն, այլ ի սպառ յուր կյանքեն:
Մոտեցավ վերջապես օրն որ ահագին անջրպետ մի պիտի դներ Սիրանույշի ու Երվանդի մեջ։ Երբ սա Ճուլիայի կարեվեր հոգին կը մխիթարեր չէր գիտեր թե ինքն ընդհուպ որպիսի թունաբեր սլաքով պիտի խոցոտվեր, և թե պետք պիտի ունենար նույն մխիթարությունեն, որ ինքն ուրիշի առատապես կը մատակարարեր։ Թեև ինքը բոլոր յուր էությունը Սիրանույշի նվիրած էր, հանդերձ այսու խիղճ կըներ գորով ու արգահատանք հայտնելու Ճուլիայի՝ երբ հեգն անոր մեկ նայվածքին ու խոսքին մեջ անհուն վայելք կը գտներ։ Սրտաբեկ աղջկան մատակարարված մեն մի սփոփիչ բառերը, խիստ անդրադարձություն մի կընեին Երվանդի խղճին վրա, ու յուր անձը խարդախ ու մատնիչ համարելով՝ հոգին կը գալարեր։ Ա՞յս էր ուրեմն ըրած խոստումն առ Սիրանույշ. և եթե սա եղածն իմանար ի՞նչ մեկնություն պիտի տար յար վարմունքին, չպիտի՞ բողոքեր իրեն դեմ արդյոք, ո՜վ անտանելի կացություն։ Եվ սակայն ի՞նչ կրնար ընել, ի՞նչպես կրնար դաժան կերպարանք մ՚ունենալ թշվառ Ճուլիայի նկատմամբ, անխիղճ և անգութ ըլլալ, մարդասպան ըլլալ երբ կարող էր յուր մտերմին քրոջ փոքր ինչ սփոփանք հայթայթել, անոր կյանքը փրկել ու Լեոնարտոյի հուսահատությունը մեղմել։ Ստույգ է որ երբեմն Ճուլիայի վշտին սաստիկ արտահայտության ազդեցությունը կրելով Երվանդ սակավ ինչ եռանդյամբ կը խոսեր անոր, այնպես որ սիրակեզ աղջկան աչաց խաբուսիկ հուսո նշույլ մի կը փայլեր՝ ու անհունապես կուրախանար։ Երիտասարդը զայդ նշմարելով սաստիկ կը տանջվեր տված ակամա