պատրաստ էր նոր նահատակության ենթարկվելու, մայրս կըսեմ, երկարատև նվազմանս տեսութենեն ու զիս կորցնելու վախեն լիովին զգացված՝ հիվանդացավ այն զարհուրելի ախտիվ որուն տեղյակ ես առանց պատճառը գիտնալու սակայն։
Մայրս գրեթե անկենդան տարածված էր անկողնույն վրա․ ոչ ևս կը ճանաչեր զիս, խուլ էր իմ թախանձալից ձայնիս որ պատասխան մի կը փնտրեր իրմե։ Յուր կյանքը դատապարտված էր, զինքն սպաննողն ես էի։ Երևակայե ուրեմն, Երվա՛նդ, անհնարին վիշտս զգացած խղճի խայթս։ Հայնժամ վերջին աստիճանի հուսահատութենե դրդյալ ուխտեցի մորս, ոհ, սիրույս դառն զոհը՝ եթե ինքն ի կյանս վերադառնար։ Ապրեցավ նա, և արդ ես կենդանի կը մեռնիմ։
Այսօր վերջին օրն է ուր ազատ եմ գոչելու քեզ «Երվանդ, ցորչափ կյանք ունիմ քուկդ է սիրտս, և մինչ զքեզ կը կորսնցնեմ հիշատակդ առավել ևս կարմատանա սրտիս մեջ։ Թույլ տո՛ւր որ անգամ մի ևս կրկնեմ․ «Երվա՛նդ, կը պաշտեմ զքեզ ու միշտ պիտի պաշտեմ»։
Մի՛ անիծեր զիս հոգվույդ դառնության ժամանակ․ մի՛ դատապարտեր, այլ ըմբռնե զոհիս մեծությունը, լա՛ց իմ վրաս։ Բայց ես միայն անձս կը մտածեմ. իսկ դուն, Երվա՛նդ, ինչպե՜ս պիտի տոկաս այդ բաժանման, ի՜նչ պիտի ընես, ո՜հ…… Հոգիս կողբա, սիրտս կարյունի, կը մտածեմ քու տագնապդ և սակայն անկարող եմ արգիլել հարվածն որ էությունդ պիտի դղրդե։ Հե՛գ Երվանդ, հե՛գ Սիրանույշ…։
Եթե օր մի ուրիշ սեր մի մոտ գտնա սրտիդ մեջ, մի՛ ատեր զիս, թող սրբանվեր ըլլա հիշատակս միշտ, իբր հիշատակը մարտիրոսի։ Քու դժբախտության մեջ ազատություն ունիս գոնե ցավովդ մխիթարվելու․ բայց ես պիտի ունենամ միայն սև շղթաներ, բանտ մը, և բանտապահ մի։ Պիտի ունենամ աչացս առջև զա՛յն որ հիգության կը դատապարտե զիս․ ձա՛յն որ երջանկությանս ծաղկունքն ոտնակոխ կընե․ ձա՛յն որ հոգիս կը մեռցնե։ Ո՜վ անգութ ճակատագիր, երանության հրաշալի պատկերը մեր տեսության ներկայելեն վերջն, ի՜նչպես արդ թշվառության սև կենդանագիրը կարձակես մեր երեսին։