հրավիրելոց, մեծահաց խնջույք, վերջապես ինչ որ կրնա զարմացնել, նախանձ շարժել, բաղձանք գրգռել, ամեն ինչ ամբողջապես միացած էր Դարեհյանի հարսանյաց շքեղությանն համար։ Ոչ նվազ մեծ էին եկեղեցական ճոխությունքն. քահանայք, վարդապետք, եպիսկոպոսունք Դարեհյանի սրահը խռնած էին հարսանյաց հանդեսին կատարման համար։ Կես գիշերին երաժշտության զվարթ խաղերը տեղի տվին խորախորհուրդ ժամերգությանց։ Թվեցավ Սիրանույշի թե մեռելոց երգն էր. և դագաղ մի կը բաղձար միայն նույն վայրկանին։ Զարուհին մոտեցավ իրեն նույն միջոցին ականջին մնչելով «Տե՛ս, մայրս որպի՜սի անձկանոք կը դիտե զքեզ ու արիացիր»։
Առին տարին հարսը. ո՞ւր, ինքն ալ չէր գիտեր։ Կերգեին, բայց մտացը մեջ քաոս մի կար, ոչինչ կը հասկնար։ Սակայն երբ զգաց ձեռք մի որ իրենը կը սեղմեր, հայնժամ սարսուռ մ՚ունեցավ՝ իբր թե օձեն սաստիկ խայթված ըլլար։ Այդ ձեռքը խարազանն էր որ վերջին հարված կատար իր երջանկավետ ակնկալությանց։ Այդ ձեոքը պատուհասն էր որ կյանքը պիտի հարստահարեր։
Երբ ժամերգաթյան վերջին վանկը հնչվեցավ, երբ զոհողությունը կատարվեցավ, սրտաբեկ հարսը հառաչանքի նման ձայնիվ ինքզինքին մնչեց. «Ոհ, Երվանդ, ի սպառ բաժնվեցանք»։
Տիկին Հայնուռ աղջկանը կը նայեր անդադար, ու անոր խռովահույզ վիճակն ըմբռնելով կը տագնապեր լռին։ Եվ երբ պսակի խորհուրդեն վերջը Սիրանույշ գնաց յուր ձեռքը համբուրելու. «Աղջիկս, ըսավ, զքեզ երջանիկ տեսնեմ ու մեռնիմ»։
Իսկ Պ. Հայնուռ հարց երջանկագույնն էր․ այնչափ մեծություն, հարստության, ճոխություն, պատիվ. կին մի ի՞նչ առավել կրնար երազել երկրիս վրա, և ի՜նչ եղածեն ավելի կրնար մաղթել յուր զավկին։ Ուստի խրոխտանոք ու գոհունակությամբ կը նայեր յուր կատարած խնամության վրա։
Ի վերջո Զարուհին մոտենալով տարաբախտ նորապսակ հարսին իբր բարեմաղթություն մնչեց յուր ականջին.
«Երջանիկ օրերուդ անձնվեր ընկերուհին էի, արդ նոր քույր մ՚ունիս թշվառ կացությանդ մեջ»։