Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/289

Այս էջը հաստատված է

ատելություն. միակերպ էր յուր ընթացքը, բնական հետևանք ընթացքի մ՚ուր ամեն ինչ ի հաշիվ առնված է, կարծես կարկինով չափված։ Սիրտն է միայն որ հանկարծական ցնցումներ, փայլակներ, այգեր, գիշերներ ունի. զի սիրտն կանոնավորությանը մեջ նույնիսկ անկանոնություն է, նամանավանդ երբ սերը անոր շարժումները փութացնե։

Սիրանույշի վարմունքն այնչափ վայելուչ էր ու պատշաճ ամուսնույն նկատմամբ ինչպես և տանը հաճախող և ծառայող անձանց՝ որ ոչ ոք կրնար զինքը մեղադրել ամենափոքր թերության մի համար, մանավանդ թե հարգված ու սիրված էր բոլոր զինքը շրջապատողներեն։

Գոհ էր Պ. Դարեհյան, երջանիկ էր ընտանեկան մթնոլորտի մեջ, ու բաղձանքն հարսին զոհելն էր բոլոր ազատ վայրկյանները։ Մերթ փառավոր կառոքն, և մերթ շքեղ նավովը կը շրջագայեր անոր հետ։ Մերթ հիանալի պարտեզին հովանյաց ներքև կամ տաղավարին մեջ առավոտյան կամ գիշերային զեփյուռը կը շնչեր, և կամ քարափանց վրա ծովային զովությունը կը վայելեր։

Այս եղանակավ անցան հինգ երանելի ամիսներ Պ. Դարեհյանի համար։ Բայց այնուհետև սկսավ քիչ մի ձանձրացուցիչ գտնալ Սիրանույշի ձևերուն կանոնավորությունն ու միակերպությունը, նույն կերպը միշտ, նույն քաղաքավարութունը վերջապես։ Բաղդատեց կինը Ժանեթին հետ, ու հիշեց անոր հնարամտությունը նորանոր հրապույրներ ստեղծելու, կենաց միակերպությունը փարատելու, և միշտ նոր գույներով փայլելու։ Ձանձրույթն օր ավուր սաստկացավ, մոռցված հիշատակն արթնցավ։

Թե Սիրանույշ համակրելի ու բարեկիրթ ընկեր մ՚ էր՝ զայդ չէր ուրանար Պ. Դարեհյան, միայն թե կը խոստովաներ անձին թե անկարող էր նա յուր եռանդը միշտ վառ պահելու։ Սկսան ուրեմն անհամբերության ցույցերն որք հետզհետե սաստկացան։ Պ. Դարեհյան առանձին պտույտներ կըներ, բացակայությունները կերկարեին. օր մ՚ալ իմացուց թե տունեն դուրս պիտի անցըներ գիշերը, ու հետզհետե բացակայությունները կրկնվեցան։ Պ. Դարեհյան յուր նախկին անառակությանց մեջ անկավ, Ժանեթի ճիրաններուն մատնվեցավ վերստին։