սրտիվ սկսավ կարդալ։ Բայց նամակին պարունակությունն՝ որ մեզ արդեն ծանոթ է, այնպիսի ապշություն, ցավ ու այլայլություն պատճառեց Երվանդին, որ իմաստները գլխուն մեջ զարմանալի իմն շփոթությամբ խառնվեցան, ու թվեցավ իրեն աղետալի երազի մը ազդեցությունը կրել. ուստի ոտք ելավ և անձը ցնցեց ապահով ըլլալու համար թե արթուն էր։ Բայց բուռն հուզմունքը հանդարտելովն երբ կարող եղավ իրականությունը հաստատել, կը տարակուսեր տակավին, չէր կրնար հավատալ թե Սիրանույշ կը հրաժարեր իրմե, ուխտը կը դրժեր ուրիշի մի ստացվածքն ըլլալու համար: Վերստին նամակը կը կարդար, գուցե սխալ ըմբռնված իմաստին բուն նշանակությունը տալու համար, և սակայն նույն գաղափարին մեջ կը հաստատվեր, թյուրիմացություն չէր նշմարեր. իրոք Սիրանույշ ինքն անձամբ կիմացներ զինքն զոհած ըլլալն յուր մոր։ Ուրեմն մորը վնասելու խղճմտությունը կըներ, և յուր տղայությունն ընկերոջը, սրտին մտերմին մահ տալու բնավ փույթ չէր բներ։ Ուստի այս էր, ուր լռության պատճառը․ դավադրություն մի պատրաստած էր իրեն դեմ, և այդ կիմացներ երբ զայդ ապարդյուն հանելու երկյուղեն ազատ էր բոլորովին, իրենց մեջ վիհ մի բանալեն վերջը մատնանիշ կըներ զայն։ Դառնացյալ հոգվո բոլոր հուսահատումթյամբն գոչեց «Անի՛ծյալ ըլլաս, Սիրանո՛ւյշ, ինչպես սիրտս հոշոտեցիր, նույնպես հոշոտեցիր և քուկինդ»։
Այդ անեծքը կարծես իրեն թեթևություն տվավ, վայրենի ժպտով մի ժպտեցավ ու աչերը տարօրինակ կրակով փայլեցան։ Այդ տարապայման հուզման հաջորդեց մահատիպ հանդարտություն մի որուն մեջ ընկղմած էր կարծես զգալու և մտածելու բոլոր կարողությունը։ Քիչ մի ժամանակե վերջը յուր սիրտն սկսավ վերականգնիլ, ցավիլ, և յուր կորստյան դառնությունը զգալ․ հեծկլտանոք սկսավ լալ դառնագին կրկին և կրկին անգամ Սիրանույշի անունը տալով գուրգուրանոք։ Սրտմտության հաջորդած էր գութը, վայրենության՝ արգահատանքը։ Առավ վերստին աղետալուր նամակը, նորեն կարդաց, անդրադարձավ այն հրատապ տողերուն վրա որք Սիրանույշին վիճակին խստությունը կը հայտարարեին։ Խիղճ ըրավ, յուր սիրելվույն կատարած զոհին վսեմությունն