որք անիմանալի եղան, և՛ փութաց հեռանալ տիկնոջ գալուստն սպասավորաց իմացնելու համար՝ որք ամենքն ալ անհայտ եղած էին նույն պահուն։ Բայց Սիրանույշ արգիլեց զայդ միամտաբար՝ պատվիրելով մարդուն դռան վրա հսկելու անզուր:Եվ հայրենի տան հին սպասավորին՝ որ իրեն ուղեկից եղած էր, պատվիրելով որ երթա հանգիստ ընե ու կազդուրի՝ ինքն անխոս և անձայն դիմեց դեպ յուր սենյակն, բացավ դուռը, ներս մտավ, ու սարսափեցավ տեսածեն։
Իրեն հատկացյալ ընդարձակ նստարանի մի վրա տարածված էր գաղղիացի կինը, մինչ Պ, Դարեհյան անոր ոտիցն առջև նստած էր փոքրիկ նստարանի մի վրա իբր գերի մի:
Այդ անակնկալ տեսարանին առջև՝ նախատյալ կնոջ մ՚իրավացի սրտմտությամբ Սիրանույշ հրամայական եղանակավ գոչեց.
«Պարո՛ն, սենեկես դուրս վանե սա կինն անմիջապես»։
Դարեհյան շանթահար եղած կնոջը ներկայութենեն կը խնդրեր բերնովն ու աչերովը Ժանեթեն որ տունեն մեկնի։
Բայց գաղղիացին տեղացն իսկ չշարժելով ու հաղթահարող ժպտով մի աչերը դարձուց դեպ յուր ոսոխն՝ որ հանդեպ իրեն կեցած էր ալեկոծյալ կերպարանոք:
— Դո՛ւ, Դարեհյան,— պատասխանեց,- իմ իրավունքս էիր՝ զի տարիներե ի վեր զիս կը սիրեիր. և սակայն,- ըսավ, արհամարհոտ ձևով զՍիրանույշ ցույց տալով,— զքեզ հափշտակեց ինձմե։ Ինչո՞ւ կը բարկանա եթե արդ նույնը կը գործեմ յուր նկատմամբ։ Քանի որ հոս եմ, կուզեմ հոս կենալ։
Սիրանույշ ամենայն արժանապատվությամբ և սեգ ձևով սենեկեն դուրս ելավ առանց բառ մ՚ավելի արտասանելու։
Ժանեթ բնավ տեղեն շարժելու հոժարություն չէր հայտներ. մանավանդ թե յուր որոշումը կիմացներ գրաված տեղը ամրապինդ պահելու։ Այդ խորամանկ արարածը լավ կըմբռներ թե Պ. Դարեհյան քաջությունը չուներ զինքն արտաքսելու տունեն. և քանի որ յուր ներկայությունն անկարելի ինչ էր տան տիրուհվույն, ու լավ համոզված էր թե յուր տարփածուն իրմե չէր կրնար դյուրավ հրաժարիլ, ջանաց օգուտ քաղելու հուսահատ ամուսնո մի տարապայման վիճակեն։
Երբ Դարեհյան կը թախանձեր գաղղիացիեն որ հեռանա՝