-Տե՛ս, Սիրանո՛ւյշ, որպիսի գեղեցիկ ադամանդ մի կը նվիրեմ քեզ։ Դու խելացի կին մ՚ես և կըմբռնես անշուշտ թե օտար կանանց համար վաղանցուկ քմահաճություններ կրնամ ունենալ որք ներելի են ամեն արանց: Բայց դու ես իմ միայն մշտատև ընկերս, և ոչ ոք կրնա քո տեղդ գրավել։
Սիրանույշ ամենայն մեծանձնությամբ ոտք ելնելով ըսավ.
-Չբավեր քեզ սենյակս սրբապղծելդ նողկալի արարածի մի ներկայությամբն, և ահա կը համարձակիս հետս վարվիլ ինչպես անոր հետ՝ ընծաներ մատուցանելով ինձ։ Մինչև այսօր բնավ բերանս չբացի քու բացակայությանցդ նկատմամբ կշտամբանք մ՚ընելու և ի պաշտպանություն իմ ամուսնական իրավանցս զքեզ իմ քովս պահանջելու։ Չուզեցի հետազոտել քու կյանքդ, զքեզ ազատ թողուցի։ Չխոսեցա մինչև ցարդ վասնզի վստահ էի որ եթե արժանապատվության զգացումը բողոք դառնար րնդդեմ քեզ՝ դու անկարող պիտի ըլլայիր զայդ ըմբռնելու, ուստի լռեցի և համբերեցի։ Դու լավ գիտես թե ծնողացս անհուն գուրգուրանաց առարկան էի, զի անոնց միակ զավակն էի։ Դու զիս անոնց գրկեն հափշտակեցիր խնամք և գորով խոստանալով ինձ, և սակայն դատապարտեցիր անձս լքման, դատապարտեցիր զիս բանտարկության, և ես երբեք չգանգատեցա։
Բայց երբ դու կը հանդգնիս մինչև իմ բնակած տունս, մինչև իմ սենյակս նույնիսկ բերելու ամոթն և լրբությունը. երբ դու անկարող ես կնոջդ պատիվը պահելու, ես կիմացնեմ քեզ թե այսօրվընե ես եմ իմ անձնական պատվույս նախանձախնդիրը։ Անկարող եմ հարգել զքեզ զի նախատելի անձ մ՚ես. ու այս վայրկենեն դու ինձ համար օտարական մ՚ես։
Պատվույս միշտ ես անձամբ պիտի հսկեմ ոչ թե քու անունդ կրելուս համար՝ այլ իմ անձնական արժանապատվությանս համար, և մի միայն պատկառելի մնալու համար մարդկանց առջև։
-Ներե՛ ինձ, սիրելիդ իմ Սիրանո՛ւյշ,— ըսավ Դարեհյան,— կնոջ ձեռքերը բռնելու փորձ ընելով։
Սիրանույշ ետ քաշվեցավ ցասմամբ ու պատասխանեց.
—Ըսի քեզ արդեն, ես բնավ գաղտնյացդ թափանցել չուզեցի, և ոչ իսկ վարքդ ու բարքդ հետազոտել, թեև դյուրըմբռնելի