էր կենացդ ընթացքը։ Ես ջանացի՝ իբր ամուսին, պարտքս կատարել քու նկատմամբ տնական անդորրդ ապահովելով։ Բայց երբ դու խիղճ չըրիր անամոթ վարմունքդ մինչեվ աչացս ներկայելու սենյակս պղծելով, վերստին կըսեմ քեզ, դու ինձ համար այսուհետև պարզապես օտարական մ՚ես։
Քու հարկիդ ներքև պիտի բնակիմ մորս կարեվեր սրտին նոր հարված մի չտալու համար։ Իսկ եթե կը հուսաս ինձմե ներումն ընդունիլ, արդարև զիս վատ մի համարելու ես։ Լավ գիտցիր թե պարտուցը գերի կինը կարհամարհե պարտազանց ամուսինը։
Դուք, արք, կը կարծեք թե կինը ձեր քմահաճությանց խաղալիքն է։ Թե կրնաք ստանալ զայն, ապա մեկ կողմ թողուլ, առնել վերստին երբ կամք է ձեզ։ Կը սխալիք, զի կինը սիրտ ու պատվասիրություն ունի։
Թեև դո՛ւ, Դարեհյա՛ն, ոչ երբեք սրտիս մեջ վայր մի գրավեցիր, հանդերձ այսու ուզեցի հարգել զքեզ իբր կենացս ընկերը, և ըստ այսմ զքեզ երջանիկ ընել։ Բայց մարդ մի որ չգիտեր յուր կինը պատվել՝ յուր դեմքն իսկ ցեխով կը մրոտե։
Այս վայրկենեն կը թողում քեզ ուրեմն ապականակիր սենյակդ և այս անարատ խուցն իմ անձիս համար կընտրեմ։ Եվ արդ խնդրեմ, ըսավ, դուրս ելիր հոսկե գոհարներդ հետդ տանելով՝ եթե չես ուզեր որ ծովն նետեմ զանոնք։ Կնոջ սիրտը սիրով ու անձնվիրությամբ կը գրավվի և ոչ թե ադամանդներով։ Գնա պարգևե գոհարներդ այն կարգի կանանց որք զքեզ ոսկիներուդ համար կը փնտրեն միայն։
Բայց Դարեհյան փոխանակ նահանջի՝ ուզեց հաղթանակը տանիլ, և կրկին փորձ մ՚ըրավ կնոջր մոտենալու։ Սիրանույշ արհամարհոտ ակնարկ մ՚արձակելով անոր՝ սենեկեն դուրս ելավ արժանավայել մեծանձնությամբ։
Դարեհյան ապուշ եղած՝ ոչ ևս կը ճանաչեր յուր կինը. որչափ տարբեր էր այդ գոռոզ կերպարանքն անոր սովորական համակիր և անուշ ձևերեն։
Ոչինչ այնչափ անըմբռնելի է որչափ կնոջ մի սիրտը, զի անհատակ է այն։