Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/317

Այս էջը հաստատված է

Ժանեթ դիտեց այդ երիտասարդը, անոր արտասովոր գեղեցկությունը ինչպես և վայելուչ ձևերը։ Հաստատեց անոր անտարբերությունը յուր նկատմամբ ու արժանապատվության զգացումը զայրացավ։ Ուզեց անոր ուշադրությունը գրավել և ամեն ճիգ թափեց։ Տեղեն ելավ, քայլեց, երիտասարդին առջևեն անցավ, անոր մասնավոր նայվածքներ արձակեց, վերստին տեղը նստավ, վերստին ելավ, վերջապես ամեն կանացի արվեստ ի գործ դրավ յուր նպատակին հասնելու համար։

Երիտասարդը դիտած էր զԺանեթ, հիացած էր անոր գեղեցկության վրա ներքնապես, գուշակած էր ո՛ր դասու կանանց վերաբերիլը, և զայն գրգռելու մտոք այդ անտաբերությունր ձևացուցած էր։ Մակաբերած էր նաև թե հաջող ելք մի պիտի ունենար յուր հետևած ընթացքը, և աշխատած էր հաղթանակը տանիլ հուսո դուռ մի բանալով յուր առջև։

Վերջապես Ժանեթի համբերության ու անձնվիրության բավական մեծ հարված մի տալեն վերջը, իբր թե հաճեցավ անոր լուռ առաջարկությանը պատասխանելու։ Նայվածքներու և ժպիտներու հաջորդությունը, ու բացորոշ քաջալերության նշանները հաջողեցան վերջապես տանելու զերիտասարդը գաղղիացի կնոջ նստած տեղին մոտ։ Գրեթե մութ էր երբ կինը տեղեն ելնելով խնդրեց երիտասարդին որ իրեն ուղեկցի առանձնության վտանգներե ազատ ըլլալու համար փողոցաց մեջ։ Նա ամենայն քաղաքավարությամբ բայց ծանրությամբ միանգամայն ընդունեցավ այդ առաջարկը, և նույն օրեն սկսավ այցելել այդ կնոջ։

Սույն երիտասարդն Ալֆոնսն էր։

ԳԼՈԻԽ ԼԷ.

Ժանեթ այնպիսի անհնարին տրիփով գրավվեցավ որ չգիտեր թե ինչ միջոցավ զԱլֆոնս բոլորովին յուր անձին կաշկանդե։ Նա որչափ զորավոր էր ուրիշ արանց նկատմամբ, նույնչափ տկար էր յուր նոր տարփածուին առջև։

Գաղղիացի սրիկան յուր հարաբերությանց սկիզբներն զգուշավոր ծանրությամբ վարվեցավ գաղղիացի կնոջ հետ. և աստիճանաբար մտերմական լեզու մի գործածելով՝ իբր թե