Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/320

Այս էջը հաստատված է

և մինչև անգամ վրեժդ պաշտելի են ինձ համար. և երբ կը գիտես թե որպիսի՜ արագությամբ քեզ վրեժխնդիր կանգնեցա, ու հանգիստ չի պիտի ըլլամ մինչև որ զայն չլուծեմ։

— Գիտեմ, Ալֆոնս, սակայն վախը զիս կը գրավե։

— Ուրեմն դու հավատք չունիս իմ վրաս:

— Անշուշտ ունիմ, և եթե չունենայի ապերջանիկ կըլլայի։

— Ո՜ւրեմն։

— Բայց միթե Դարեհյան չմոլորվեցա՞վ երբ զիս անչափ կը պաշտեր։

— Հետևապես Դարեհյանի կարգը կուզես դնել զիս, Ժանեթ։

— Քավ լիցի. սակայն գիտես անշուշտ որ սիրողն երկչոտ կըլլա։

— Հապա ես ի՜նչ ըսեմ երբ կը տեսնեմ ուրիշե պաշտվիլդ. եթե կուրաբար չհավատայի քեզ՝ դժոխք էր ինձ համար։

— Հարկը կը պահանջե, Ա՛լֆոնս, մեր երկուքին շահերը կը պարտավորեն զիս գոնե ժամանակի մի համար այսպես գործելու։

— Նույնպես ուրեմն հարկն՝ այսինքն սրտմտությունդ ու արժանապատվությունդ պարտքը կը դնեն վրաս վրեժդ լուծելու. և նպատակիս հասնելու համար ուրիշ միջոց չեմ տեսներ եթե ոչ սիրահարի դերը խաղալ. եթե լավագույնն ունիս, հայտնե զայն։

— Կը խոստովանիմ թե մեր խորհրդոց հարմարագույնն է այդ, և կը ծափահարեի այդմ եթե նախանձը չտանջեր զիս, և մանավանդ որ գործադրության եղանակը դյուրին կը թվի ինձ, քանի որ Սիրանույշ գրեթե առանձին պարտիզի տաղավարին մեջ կանցընե բոլոր յուր օրերը, որով առիթ կունենաս զինքն ստեպ տեսնելու ու անդիմադրելի շնորհքներովդ զինքն հրապուրելու և մանավանդ որ Մելքոն՝ յուր անբաժանելի սպասավորն ևս մեծ ձեռնտվություն կրնա ընել քեզ։

ԳԼՈՒԽ ԼԸ.

Սիրանույշ ոչ միայն ցերեկներն այլ և գիշերները գրեթե միշտ կանցըներ յուր բնակած տանը հանդեպ, պարտեզին մեջ, կառուցված փոքրիկ բանաստեղծական հարկին մեջ, Դարեհյանի