Ծանր թվեցավ Սիրանույշի ինքնահոժար բանտարկությունը ծովեզերյա տանը մեջ։ Ուզեց վերստին զետեղվիլ յուր սիրելի բնակարանին մեջ։ Կը մտածեր թե յուր ցույց տված արհամարհական ձևերեն անշուշը վհատած կըլլար անծանոթ երիտասարդը: Բայց յուր կատարյալ ապահովությանն համար որոշեց յուր կասկածներն հայտնել հաստաբազուկ Մելքոնին՝ որուն հավատարմության վրա բնավ երկբայելու իրավունք չունենալ կը կարծեր։ Սիրանույշ չէր հանձն առած մինչև նույն պահուն որևէ ակնարկություն մ՚ընել յուր սպասավորին անծանոթ երիտասարդին նկատմամբ բայց նույն օրը զինքը կոչելով,
-Մելքո՛ն,—ըսավ,– օտարական մի ժուռ կուգա այս բնակած վայրերուս շուրջը։ Գուցե ավազակ մ՚է,— հարեց չուզելով մտերմության նշաններ տալ անոր։— Ես այս տաղավարս ապահով վայր մի չէի համարեր եթե չճանաչեի քո բազկիդ ույժն և քու անձնվիրությունդ։ Ստույգ է որ ուրիշ պահապաններ կան պարտիզին մեջ, բայց չվստահացներ զիս այդ։ Ուստի քեզ մասնավորապես կը հանձնեմ այսուհետև բնակությանս հսկողության պաշտոնը։
-Տիկի՛ն,— պատասխանեց Մելքոն, կեղծ երախտագիտության ձևերով երկու ձեռքերը կուրծքին վրա դնելով,— եթե հարկ ըլլա տասը կյանք տալ ձեր ու տիրոջս ապահովության համար՝ տասն ալ կուտայի։
-Գիտեմ արդեն այդպես ըլլալը, Մելքոն։
-Տիկի՛ն, դուք հանգիստ եղեք, բնավ մի՛ վախնաք. այդ հանդուգն երիտասարդն ա՛լ չեք տեսներ։ Եթե կուզե մարմինը հոս թողուլ թող վերադառնա, արդեն ճանչցավ բազկիս ուժը։
-Բայց ո՞վ է այն, Մելքոն։
-Չգիտեմ, տիկին, ո՛վ կուզե ըլլա, քանի որ ես հոս եմ, մեկը իրավունք չունի այս կողմերս շատ գալու։ Երբ այդ անզգամը նշմարցի քանի մ՚անգամներ, օր մի շիտակ իրեն գացի և հարցուցի թե ի՞նչ է փնտրածը մեր պարտիզին շուրջը։
Նա պատասխանեց թե բնության ինչպես և մեր պարտիզին գեղեցկությունները կը վայլելեր։