Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/327

Այս էջը հաստատված է

Սակայն բժիշկներն որք տեղյակ էին Երվանդի ախտին բուն պատճառին, խորհուրդ տվին Վիրճինիոյի զԵրվանդ հեռացնելու այն վայրերեն որք տխուր հիշատակներ կը պարունակեին իրեն համար, և ղրկել զինքն յուր սիրույն առարկային բնակած երկիրը, որպեսզի անոր մերձավորությամբը սրտին կարոտը գոնե մասամբ կարենա հագեցնել։

Դառն էր Վիրճինիոյի յուր բարեկամեն բաժնվելու գաղափարն երբ իրեն ոչ ոք կը մնար ընտանիքեն, և երբ վարժած էր նկատել զԵրվանդ իբր յուր եղբայրը։ Բայց ամենայն անձնվիրությամբ մեկ կողմ թողլով որևէ շահասիրական նպատակ, առաջարկեց յուր մտերմին ուղևորիլ ի Պոլիս, առարկելով թե հայրենի երկրին օդը և ընտանյաց ներկայությունը օգտակար ներգործություն կրնային ունենալ յուր վրա, ըստ վկայության բժշկաց։

— Հայրենի՜ք, ընտա՜նիք, ոչինչ ունիմ,— գոչեց Երվանդ,— քանի որ զՍիրանույշ հափշտակեցին ինձմե։

— Բայց գոնե ապահովությունն ունիս,– պատասխանեց իտալացին,— թե անոր սիրտը քուկդ է, և այդ մխիթարություն մեծ է քեզ համար. իսկ ես այդ սփոփանքն անգամ չունիմ զի վատորեն մատնվեցա։ Մինչդեռ կը կարծեի սիրված ըլլալ՝ անսիրտ աղջկան խաղալիքն էի միայն։ Գոնե դու կարող ես հառել աչերդ սիրային դեմքի մի վրա որ զքեզ կը գոչե գուցե հուսահատ։

— Կուզե՞ս ուրեմն, Վիրճինիո՛, որ Պոլիս վերադառնամ սիրո քայքայալ բույնս տեսնելու համար։ Կուզե՞ս որ երթամ հաստատեմ թե իմ գանձս սրբապիղծ ձեռաց ստացվածքն եղած է։ Կուզե՞ս որ երթամ նկատեմ ժանտատեսիլ այն կերպարանքն ոսոխի մ՚որ սիրտս, հոգիս և հանճարս անգթաբար հարվածեց։

— Բայց, Երվա՛նդ, քու թշնամիդ Սիրանույշի ամուսինն եղած չէ՝ այլ անոր հայրը։ Դարեհյան հավնած է քու սիրուհվույդ, ուզած, և հետն ամուսնացած է առանց նույնիսկ գիտակցությունն ունենալու յուր գործած չարյաց։

— Ի՞նչ փույթ, չարգիլեր որ թշվառ ըլլամ։

— Իրավ է որ այդ մարդուն ներկայությունը քեզ հաճելի