ուժգին, ու ապա Երվանդ շոգեկառք մտավ մինչդեռ աչերովն ու ձեռքերովը Վիրճինիո վշտալից նշաններ կըներ։ Զանգակը զարնվեցավ, շարժուն շենքը դղրդեցավ, սկսավ հառաջանալ, և տակավ առ տակավ Վիրճինիոյի աչերեն հեռացավ, անհետացավ, մուխե կազմված թանձր ամպերու մեջ կորսվելով։
Խեղճ Իտալացին կը նայեր կառախումբին տակավին մինչդեռ բոլորովին անտեսանելի եղած էր։ Ցավն ուներ միայն իբր ընկեր։
Մեկնողն ոչ նույն չափով կզգա բաժանման բոլոր դառնությունը որչափ մնացողը։ Առաջինն ունի մտաց զբաղմունք, հազար ու մեկ կատարելիք գործեր, բազմաթիվ խորհուրդնեը որք իրարու արագաբար կը հաջորդեն, և ստիպողական շարժում մի կը կազմեն շուրջը։ Նոր վայրեր, նոր տեսարաններ, նոր դեմքեր, տեսակ տեսակ շշուկ ու խոսակցություններ, ուրախության արտահայտություններ, տխրության պատկերներ, ասոնք ամենքն ալ միտքն զբաղեցնելու միջոցներ են։ Ստույգ է որ այս զանազան փոփոխությանց, տեղափոխությանց և խորհրդոց մեջ՝ թողված վայրերն, հիշատակներն ու բարեկամները սրտին մեջ գրաված տեղերնին ամրապինդ կը պահեն, ու մարդուս աչացն և հոգվույն առջև կը ներկայանան իբրև առարկաներ զորս անջատման դառնությունը առավել ևս նվիրական կը հանդիսացնեն։ Մեն մի անգամ որ բազմազբաղ միտքը նոր հրապույրներով քիչ մի երկար ժամանակ կը գրավվի, հեռավոր սիրելյաց հիշատակը իբր խղճի խայթ կը ներկայանա ուղևորին առջև։
Բայց մնացողը չունի հետաքրքրությունը կամ ուշը շարժող առարկաներ, չունի երևակայությունը հափշտակող տեսարաններ։ Այլ ամեն իր յուր շուրջը մտացը մեջ հիշատակ մի կը զարթուցանե, ու սրտին մեջ արձագանք մի։ Դատարկություն մի կը հաստատե զոր բացակային հիշատակավն կը ջանա մասամբ լեցնել, և մտաց ու սրտին հարատև ձգտումն դեպի նույն առարկայն զհոգին հոգնեցնելով կսփոփե․ այդ վիճակն էր բաժինը Վիրճինիոյի։