ուժգին որևէ սուտ վկայություն մ՚ընելու ընդդեմ յուր տիրուհվույն։ Իսկ եթե հանկարծ բոլոր ճշմարտությունն հայտնելու ըլլար Մարիամ ի փրկություն յուր սիրելի տիկնոջ՝ Մելքոնի շահասեր ակնկալություններն ոչ միայն ի դերև կելնեին, այլ մեծ պատուհասներու կենթարկվեր։ Ուստի անօրեն մարդն ամեն ճիգ ըրավ աղջիկը մեղսակից ընելու իրեն։
Երբ թախանձանք ոչինչ արտադրեցին, կարգն եկավ սպառնալյաց։ Եթե չօգնես ինձ, կըսեր Մելքոն Մարիամի, կը հեռանամ քեզմե, ու քու նախանձդ շարժող աղջկան հետ կամուսնանամ. իսկ եթե մատնություն մ՚ընես ինձ դեմ, զքեզ անպատճառ կսպաննեմ։
- Սպաննե՛ զիս,— գոչեց Մարիամ,— բայց բարերարուհվույս, որբ քրոջս և եղբորս պաշտպանին խնայե։
- Լսե ինձ, Մարիա՛մ, ես վրեժխնդրության մեծ պատճառներ ունիմ, և հաջողիլն անկարելի է ինձ եթե չօգնես ինձ։ Իսկ եթե գործն ի գլուխ չհանեմ, կախաղանը կսպասե ինձ։ Այն ժամանակ մի՛ կարծեր որ զքեզ հանգիստ պիտի թողում. գիշեր և ցերեկ իմ ուրվականս զանձդ պիտի հալածե, զքեզ դահիճ գոչելով։
Սարսուռ ազդեցին այդ խոսքերն անմեղ աղջկան, ու ձեռքերն աչացը տանելով ծածկեց զանոնք իբր թե այդ նկարագրին ազդեցութենեն խույս տալու համար։
Մելքոն հաստատելով խոսքերուն ըրած նպաստավոր ազդեցությունը, ըսավ.
— Որոշե՛, Մարիա՛մ, կամ ինձ օգնել ու միշտ սիրվիլ, կամ զիս մահվան ղրկել։ Իսկ եթե հաջողիմ առանց ձեռնտվությանդ, պատրաստվե քու նախանձորդդ իմ կինս տեսնել, վասնզի նա ամեն զոհի պատրաստ է ինձ համար։
— Ո՛հ,- գոչեց աղջիկը հուսահատ ձայնիվ,— գիտես անգութ, ո՛ր աստիճանի զքեզ պաշտելս և անոր համար այսպիսի խիստ պայմաններ կը դնես ինձ։ Հրեշ մի պետք է որ ըլլամ ուրեմն քեզ կամ տիրուհվույս նկատմամբ։
— Աստված իմ, — աղերսեց հեգ Մարիամը,— օգնե՛ ինձ, տե՛ս թշվառ կացությունս, և մի՛ թույլ տար որ չարիք հասցնեմ իմ սիրելյացս։ Տիրո՜ւհիս և Մելքոն, երկուքն ալ սիրելի, երկուքն ալ պաշտելի։