Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/338

Այս էջը հաստատված է

Տունը երթալու համար, աչերն հանդիպեցան Պ. Հայնուռի որ դեպի նավամատույց կուղղվեր։ Այդ հանդիպումը չարագուշակ համարեց զի նա էր յուր երջանկության կործանիչը: Խույս տվավ անկե առանց անոր ուշադրությունը գրավելու, մինչ յուր եռացող արյունը գլուխը կելներ։

Դիմեց քրոջը ծովեզերյա տունը զոր այնքան լավ կը ճանչեր յուր քեռայրին հետ զայն զարդարած ըլլալուն քրոջն ամուսնության առթիվ։ Մեն մի քայլ, մեն մի վայր, մեն մի տեսարան անցյալ հիշատակ մի կարթնցներ հինքն։ Կը հառաչեր, շուրջը կը նայեր, կը լռեր, իսկ հոգին իբր հրաբուխ ներքնապես կը գործեր, կը վառեր, կը բորբոքեր։

ԳԼՈԻԽ ԽԵ.

Տակավին առավոտ և խիստ կանուխ էր․ հանդերձ այսու Հրանտ կը պատրաստվեր տունեն մեկնելու։ Զարուհին զմանկիկը գիրկն առած հորը կը մոտեցներ զայն։ Այդ փափկիկ էակին նազելի ձևերը, սիրուն ճիչերը, մորը բազկաց մեջ համառ ճիգերն առ հայրն երթալու այնպես զՀրանտ կը գրավեին որ զորդյակն յուր գիրկն առնելով հորդ գգվանոք կը տանջեր զայն, հետը կը խաղար, և այնչափ լիովին գրավված էր որ բնավ չէր լսեր Զարուհվույն հանձնարարությունները։ Բայց սա սիրուն անհամբերությամբ ամուսնույն մերձենալով և թևին զարնելով ըսավ.

— Բայց լո՛ւր ինձ, Հրանտ, ես կը խոսիմ և բնավ ուշադրություն չես ըներ խոսածիս։

— Խոսե, Զարուհի, ի՞նչ է խնդրածդ նայինք։

— Այսօր նայե՛, կաղաչեմ, եթե թղթատունը նամակ կա Երվանդին։ Երբեք այսպիսի երկարատև լռություն չէր պահած. հավատա թե մեծ անհանգստությամբ և տարկուսանոք կը տագնապիմ։

— Կերթամ կը նայիմ, անփույթ եղիր։

Զայս ըսելով զմանկիկ մորը կը վերադարձներ, մինչ անմեղ արարածը կուլար զհայրը վերստին խնդրելով։ Հրանտ վար կիջնար սանդուղեն ու Զարուհին կուղեկցեր իրեն՝ երբ