լավ և արդար մասը պահե անձիդ համար, ոտնակոխ ըրե ինչ որ կը նվաստացնե զքեզ, համարձակ աչոք նայե նախապաշարմանց դարերեն զարզացած. նայե անոնց ամենայն տեսակետով, ընտելացիր անոնց հետ, և հայնժամ պիտի տեսնես սոսկավիթխար համեմատությանց փոքրանալը և փոխանակ ահավոր հրեշի՝ պիտի դիտես գաճաճ մի որմե գլուխդ արհամարհանոք պիտի դարձնես։ Նախապաշարումը անիրավություն է, անիրավությունը՝ ստություն․ ստելը՝ ճշմարտության երեսին թքնել է։
Կինը նախապաշարմանց և ընկերության զոհն է. զոհ ծաղկազարդ որ կը խնկարկվի ցորչափ զորավոր տեր մ՚ունի։ Բայց երբ տերը կ՚իյնա, ինքն ալ անոր հետ կիյնա, և երբ կը մեռնի՝ կնոջ բոլոր հույսերը կը մարին։ Հայնժամ կինը կը մերկացնեն յուր զարդերեն և անկարողությանն հանդեպ թողլով զայն՝ կը գոչեն բարձրաձայն. «Մեծությանց և պատվո դռներն ուր կառաջնորդեն գիտությունք և արժանավորություն, գոց են քեզ համար, միմիայն այն պատճառով որ կին ես դու»։ Իբրև շնորհք կը թողուն մեզ կյանքը միայն առանց իսկ խորհելու ապրուստի միջոցաց մասին։ Եվ բոլոր անոնք որ երբեմն մեկ նայվածքդ կը մուրային հզոր ամուսին մ՚ունեցած ժամանակդ, արդ հազիվ կը ճանաչեն զքեզ։ Եվ այն կինն որ երեկ դեռ թագուհի էր, և այսօր թշվառ և խեղճ արարած, տակավին կուզե հաճելի ըլլալ անիրավ և անգութ ընկերության մ՚որ միշտ պատրաստ է մահացնելու զինքն աղետալի վճռովն, առանց ի հաշիվ առնելու անոր տառապանքն, արտասուքը, տքնությունները, լքումը, և բոլոր այն դյուցազնական ճիգերն որով դժբախտության դեմ կը մրցի յուր կյանքն ապահովելու մտոք։
Դո՛ւ, Մայտա՛, կը գանգատիս ընկերության անիրավութենեն․ բայց ինչ՞ փույթ քեզ երբ սիրտ մ՚ունիս սիրելու համար, միտք՝ խորհելու, կամք՝ գործելու․ ազատ ես, գործե՛․ և ով որ ազատ է և կը գործե, կարեցկության տեղի չ՚տար։ Դո՛ւ տեր ես գործոցդ և բախտիդ․ անձնվիրություն մ՚ես արդ և ոչ թե շուք․ ձայն մ՚ես և ո՛չ արձագանք․ արշալույսն ես որ օրն կավետե․ ո՛չ, ափսոսալի չես։