Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/340

Այս էջը հաստատված է

հավանականությանը դժբախտության մեջ կրկին դժբախտություն է։

Երվանդ կուզեր իմանալ մանրամասն պարագաները յուր պաշտած անձին վերաբերող․ թե ի՞նչպես կյանքը կանցըներ նա, ո՞ւր կը բնակեր, ամուսինն ի՞նչ տեսակ մարդ էր, և կնոջն հետ ի՞նչ էր վարմունքը․ վերջապես կը փափագեր գիտնալ ամենաչնչին կետերն որք անտարբեր մարդու համար բնավ կարևորություն չունին, և սակայն մեծ արժեք կստանան սիրող անձին համար։

Զարուհին պատմեց եղբորը Սիրանույշի վայելած բոլոր շքեղությունները, ունեցած ադամանդները, սպասավորները, մեծագին կարասիները, սքանչելի ապարանը, ճոխ պարտեզները, և բոլոր այս պերճանաց մեջ անոր վհատությունը, և կատարյալ անտարբերությունը ամեն բանի նկատմամբ, ու վարած քաշված կյանքը գրեթե իրեն սեփական եղած մեկ փոքրիկ տաղավարի մեջ։

Բայց երբ Երվանդ իմացավ Դարեհյանի անառակ վարմունքը.

— Ո՛վ անզգամ,— գոչեց սրտմտությամբ. — այդպիսի հրեշտակ մ՚ստանալ և հարկը չճանա՜չել։

Մինչդեռ այս խոսակցությունը տեղի կունենար Երվանդի արյունը կեռար, բոլոր յուր վաղեմի հիշատակները կը զարթնուին, վիշտ կարոտ, կատաղություն, ամենքը խառն ի խուռն վրան կը տիրեին զինքը գրգռելով։ Ելավ տեղեն, արագորեն սենեկին մեջ քայլեց յուր մտածությանց անդունդին մեջ ընկղմելով, և հանկարծ Զարուհվույն առջև կայնելով ըսավ.

— Քո՛ւյր, այսօր նույնիսկ պետք է որ զՍիրանույշ տեսնեմ։ Զգալ թե անոր այսչափ մոտ եմ, թե կրնամ զինքը տեսնել, զիս լափող կարոտն հագեցնել, քիչ մի կյանք վայելել, կամովին այդ բարիքեն հրաժարիլ, ո՜հ շատ ծանր է այդ ինձ համար։ Քույր, եթե ճանաչեիր վիճակս՝ իբր կենդանի մեռյալ իմ վրաս կուլայիր։

— Խե՜ղճ եղբայրս, դեմքդ շատ իսկ կը հայտարարե կրած վշտերդ։

— Ուրեմն թույլ տուր որ անմիջապես քեզմե բաժնվիմ Սիրանույշին երթալու համար։