— Ի՜նչպես, Երվանդ, կուզե՞ս զՍիրանույշ տեսնել հառաջ քան տիկին Հայնուռի այցելություն մ՚ընելու. այդ վարմունքդ պատշաճության ամեն կանոնի հակառակ է։ Այն խեղճ կինը մայրենի սիրույն զոհն է, և սրտի հիվանդությամբ կը մաշի՝ հիշե թե որչափ բարի և ազնիվ եղած է մեզ նկատմամբ, և մի՛ յուր սիրտը վիրավորեր քու անհոգությամբդ։
- Լա՛վ. քույր. երթամ ուրեմն տիկին Հայնուռի, և ապա ուղևորիմ դեպի Յենիքյոյ։ Ապահովապես արգելք չկա Սիրանույշեն ընդանվելուս վրայոք քանի որ կը հաստատես թե Դարեհյան ոչինչ գիտե մեր սիրային հարաբերությանց վրայոք:
- Դու անոր իբր եղբայրը կրնաս նկատվիլ, որով և այդ մարդուն նախանձը չշարժելու հաջողիլ:
— Եվ սակայն իմս ըլլալու վիճակված էր Սիրանույշ։
— Մեկ կողմ թող անցյալը, և զգույշ եղիր միայն սրտիդ վիճակը չմատնելու երբ սիրույդ առարկային առջև ըլլաս։
- Մի՞թե ենթարկված եմ Դարեհյանի հանդիպելու դժբախտության։
— Ինչպե՞ս որոշ պատասխան կրնամ տալ քեզ։
— Չգիտե՞ս արդյոք թե այդ մարդն ո՞ր ժամանակ տունեն կը մեկնի։
- Ընդհանրապես կես օրեն հառաջ կարծեմ։
— Ես մինչև որ Յենիքյոյ հասնիմ կես օրը կանցնի։
Եվ մինչ Երվանդ անհամբեր էր մեկնելու, Զարուհին ձեռքեն բռնելով ըսավ․
— Չեմ թողուր որ երթաս հառաջ քան քիչ մի սննդյամբ կազդուրելու։
— Սնո՜ւնդ։ Ա՛հ, քո՛ւյր, դու այնքան երջանիկ ես որ դժբախտ սրտի վիճակը չես հասկնար բնավ: Մարդս լավ կըմբռնե ինչ որ ինքն յուր անձին վրա կը փորձե։ Կը մաղթեմ որ միշտ տգիտությանդ մեջ մնաս վշտի մասին։
— Եվ կը կարծես թե հոգիս չա՞րյունիր քեզ նկատմամբ։
— Ինչ որ դու արյունիլ կըսես պարզապես կեղեքիլ է, քանի որ քու երջանկությունդ պատվար մ՚է որ կարգիլե ուրիշի դժբախտության ազդեցությունը մինչ քու սրտիդ խորը հասնելու,