Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/342

Այս էջը հաստատված է

անոր երեսը կը կեղեքվի միայն․ իսկ քու երանությանդ մեջ ամեն սև կետ մութ աշխարհ մի կը թվի քեզ։

— Ի՜նչպես անիրավ ես․ ուրեմն անտարբե՞ր եմ քեզ համար։

— Մի՛ նեղանար, քո՛ւյր․ ես բնության օրինաց համեմատ կը խոսիմ։ Չեմ ըսեր թե անտարբեր ես, թե կարեկից չես ինձ, քավ լիցի։ Գիտեմ որ կը ցավիս անհունապես, և թե տրամադիր ես նույն իսկ զոհով մի զիս երջանիկ տեսնել։

— Ուրե՜մն։

— Բացատրեմ։ Ամուսինդ պայծառ աշխարհ մ՚է քեզ համար, և զավակդ այլ ևս աշխարհ մի որուն վրա կը ցոլա առաջնույն լույսը։ Փոքրիկ սև զանգված մի ոչ միայն անկարող է նսեմացնել այդ երկու աշխարհաց շքեղությունը, այլ ինքը կը խափանի անոնց լուսույն փայլատակմանեն։ Բայց, Զարուհի, ժամանակը կանցնի, թող որ հեռանամ։ Այսուհետև ժամանակ ունինք երկարորեն խոսակցելու։

— Անշուշտ նախ տիկին Հայնուոի պիտ այցելես։

— Մոռցեր էի թե այդ պարտականությունը կատարելու էի նախ։ Ի տեսություն ուրեմն, քույր։

— Երվանդ, կրկին անզամ կը հորդորեմ զքեզ խոհեմությունը ձեոքե չթողլու Սիրանույշի հետ տեսնված ժամանակդ։ Մտածե որ մեկ անխոհեմությունդ թե քեզ և թե անոր տաժանելի կըլլա։ Խորհե և ըստ այնմ գործե։ Եթե զինքն աոանձին տեսնելու հաջողիս մի՛ մոռնար թե շուրջդ լրտեսող աչեր և լսող ականջներ կը գտնվին։

— Երբ կը մտածեմ թե Սիրանույշ իմս էր և հափշտակեցին ինձմե՝ միտքս կը ցնորի։

— Ավելորդ է զայդ հիշելն արդ։ Բայց ըսե ինձ, ե՞րբ պիտի գաս վերստին. գիտես որ ամեն ինչ պատրաստ է զքեզ ընդունելու համար։

— Շնորհակալ եմ, քո՛ւյր։ Սակայն բնավ որոշ պատասխան չեմ կրնար տալ։ Մինչև որ զՍիրանույշ տեսնելու չհաջողիմ չեմ գար, ապահով եղիր։

Երվանդ Զարուհվույն ձեռքը թոթվեց, զմանկիկ գգվեց, ապա ուղևորեցավ դեպի տիկին Հայնուռի տունը։