Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/343

Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԽԵ.

Բաց էր Պ. Հայնուռի պարտեզին դուռը, հոնկե ներս մտավ Երվանդ, ու տեսավ այն վայրերը ուր յուր տարփելվույն հետ բազմիցս շուռ եկած էր։ Բայց երբ նկատեց ավազանի մեջի փոքրիկ տաղավարն ուր գիշեր մի՝ Զարուհվույն հարսանյաց առթիվ, իրարու փոխադարձ հավատարմություն ուխտած էին, ոտքերը սկսան դողալ, և աչերը խավարելով կանգ առավ։ Սակայն շուտ ինքզինքին եկավ սպասավորի մի դեպ իրեն մերձենալը նշմարելով։

Երիտասարդը ճանաչելով այդ մարդը հուզմունքը սաստկացավ՝ զի Հայնուռ ընտանյաց այդ ալևոր սպասավորը գուրգուրանոք կը հսկեր Սիրանույշի մանկության վրա։

— Բարև, Բարսեղ եղրայր, ի՞նչպես ես,— հարցրուց Երվանդ, այլայլությանը հաղթելով։

— Ես աղեկ եմ, փառք Աստուծո․ բայց դուք ինչո՞ւ այդչափ փոխված եք։

— Հիվանդ էի բավական ժամանակ։

— Աստված կատարյալ բժշկության տա։

— Շնորհակալ եմ։ Բայց ի՞նչպես է տիկին Հայնուռը,— հարցրուց, մինչ կը հառաջանար պարտեզին մեջեն։

— Խեղճ տիկինս օր ավուր կը հյուծի և հազիվ մինչև պարտեզ կրնա իջնել երբեմն։ Քանի որ դուք հեռացաք Պոլսեն հանգիստ օր մը չունեցանք։

Հասավ Երվանդ տան առջև, վեր ելավ սանդուղներեն, սպասավորը դուռ մը բացավ, ներս մտավ երիտասարդը, ու դուռը վերստին գոցելով հեռացավ սպասավորը։ Բազմոցին վրա ընկողմանյալ էր կին մի նիհար, դալկահար և հյուծյալ․ Երվանդ հազիվ ճանչցավ զտիկին Հայնուռ, որ նույնչափ դժվարությամբ ճանչցավ զնա։ Երվանդ մոտենալով տիկնոջ ձեռքն համբուրեց, մինչ նա անոր ճակատը կը համբուրեր։ Երկուքն ալ սաստիկ հուզյալ էին, երկուքին աչերեն լուռ արտասուք կը հոսեր, երկուքն ալ անկարող էին խոսելու։

Վերջապես տիկինն ըսավ․ «»Ողորմե՛լի Երվանդ» և ձայն նվաղեցավ։