Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/344

Այս էջը հաստատված է

Հազիվ հազ երիտասարդը կարողացավ պատասխանել․ «նույնչա՜փ ողորմելի մայր»։

Երկուքին այլայլությունը քիչ մի հանդարտելով՝ տիկին Հայնուռ փորձեց անտարբեր կերպարանք մ՚առնուլ, ու սկսավ հարց ու փորձ ընել Հռովմա մեջ ըրած պատկերահանական ուսմանցը՝ տեղվույն սովորության, բարուց, և ունեցած հարաբերությանց վրայոք։

Երիտասարդն ըստ բավականի գոհացուցիչ կերպիվ պատասխանեց տիկնոջ հարցմանը՝ առանց սակայն ամենափոքրիկ ակնարկություն մը ընելու Լեոնարտոյի որ անոր դստերն տխուր արկածից։ Բռնազբոսիկ էր խոսակցության գույնը․ մին՝ ինչպես և մյուսը կզգուշանային թե՛ Պ. Հայնուռի և թե՛ Սիրանույշի անունը հնչելու․ նույնպես կզգուշանային իրենց սրտին դառն վիճակին վրայոք որևէ խոսք մ՚ընելու, թեև վերահասու կըլլային այն տագնապաց որք իրենց վրա կը ծանրանային նույն պահուն։

Լռության մեջ պերճախոսություն մը կա երբեմն որ կը գերազանցե ամեն ճարտարախոսություն, զի լռությունն է բարբառ մեծ վշտաց ինչպես և մեծ ուրախությանց։ Խորունկ զգացումները բառ չունին․ նայվածքը կարտահայտեն զանոնք։

Վերջապես գրեթե կես ժամու այցելութենե վերջը Երվանդ հրաման խնդրեց մեկնելու, և ընդդիմացավ տիկինը․ բայց երիտասարդը ստիպողական պատճառ մ՚առարկելով, և ընդ հուպ դարձյալ այցելու խոստամամբ մեկնեցավ փութով։

ԳԼՈԻԽ ԽԸ.

Շոգենավը Վոսփորի ջուրերուն վրայեն սահելով կը տաներ զԵրվանդ, աչացն առջև պարզելով Ասիո և Եվրոպիո եզերաց հրաշալի տեսարանները ուր բնությունը համայն ճոխությունները լուսո, գույնի և ջրո բովանդակած է միտքն ու սիրտը դյութելու համար։ Սակայն մեր երիտասարդն անտարբեր նայվածք մի կարձակեր շուրջը, և թվեր իրեն թե ժամանակն անշարժության մեջ կեցած էր։ Մեն մի կայարան ուր շոգենավը կը կայներ ճամփորդ հանելու կամ առնելու համար, ոչ