ուրիշ բանի կը ծառայեր եթե ոչ հիշեցնելու իրեն թե տակավին հեռու էր այն վայրեն որ լուր գանձը կը պարունակեր։
Բայց հետզհետե հեռավորությունը նվազեցավ, հետին կայարանին հասավ շոգենավը։ Յենիքյոյի առջև վերջապես։ Երվանդին հոգին համայն հուր էր, մարմինը՝ համայն շարժում։ Ցամաք ելավ, կը քայլեր այն անձկությամբ զոր կազդե սիրո տենդը, և սակայն կը թվեր իրեն թե ոտքերն համրաքայլ էին։ հուսկ հետո յուր անհամբեր աչացն երևցավ Դարեհյանի ապարանքը։ Կարծես երիտասարդին անձը քանի մի սրտեր կը բովանդակեր՝ այնչափ բազմաթիվ և ուժգին էին սրտին բաբախումները։ երբ հասավ փողոցի դռանն առջև, դռնապանը ոտք ելավ.
— Տիկին Դարեհյան տո՞ւնն է արդյոք,— ըսավ Երվանդ։
— Ոչ, պարոն։
Կարծես թե մահվան ձայնը հնչեց երիտասարդին ականջին։ Բայց շարունակեց յուր հարցմունքը.
— Ո՞ւր գնաց տիկինը։
Դռնապանը օտարականին համառիլը նկատելով սակավ ինչ զարմացմամբ հարցուց.
— Ո՞վ եք դուք, պարո՜ն։
— Ես յուր մերձակա ազգականն եմ, հեռավոր երկրե կուգամ, և պետք է զինքն անպատճառ տեսնեմ։
— Եթե այդպես է, գործը կփոխվի, վասնզի տիկինը սովորություն չունի օտարականներ ընդունելու տիրոջս բացակայության ժամանակ։
— Կը հասկնամ կատարելապես։ Բայց ո՞ւր է տիկինը։
— Պարտիզի մեջ յուր փոքրիկ բնակարանն է։ Դուք տունը հրամայեցեք, և մենք իմաց տանք իրեն։
— Ոչ, ի՜նչ հարկ զինքն անհանգիստ ընել, միատեղ երթանք իրեն գտնված տեղը։
— Ոչ զոք կընդունի հոն բացի յուր ընտանյաց վերաբերող քանի մ՚անձերե։
— Ես ևս յուր ընտանիքեն եմ, տիկին Զարուհվույն եղբայրն եմ․ ուրեմն առաջնորդե ինձ, խնդրեմ։
Դռնապանը զարմացմամբ երիտասարդին երեսը նայելով ըսավ.