— Ո՜հ, Սիրանույշ, ի գերեզմա՞ն պիտի եզրականան մեր սիրո գեղեցիկ երազները։
— Անողոքելի պատճառներ այսպես վճռեցին։
— Կրկնե գոնե որ զԴարեհյան բնավ չես սիրեր, տուր ինձ այդ միակ մխիթարությունը։
— Հարկ է՞ արդյոք զայգ զրուցել։
— Նո՞ւյնն է սերդ ինձ նկատմամբ։
— Եվ մի գուցե կարողացա՞ր հակառակը կարծելու։ Ուխտած էի քեզ սիրտս և անձս նվիրելու վերջնույն նկատմամբ պարտազանց եղա, իսկ առաջնույն մասին նույնն է ուխտս։
— Որչա՜փ ատելի է ինձ այդ Դարեհյանը։
— Եվ սակայն պետք է հետը տեսնվիս։
— Ե՞ս, Սիրանույշ, ե՞ս այդ հրեշին հետ տեսնվիմ․ երբեք։
— Ուրեմն զիս ալ տեսնելու հաճույքեն պիտի զրկվիս։
— Ի՞նչ կըսես։
— Անշուշտ։ Այսօր իբր եղբայր զքեզ ընդունեցի ես որ ոչ զոք կընդունիմ առանձին․ իսկ ի՞նչ իրավամբ զքեզ երկրորդ երրորդ անգամ պիտի հյուրընկալեմ այնպիսի տան մեջ որուն տիրոջմե խույս կուտաս դու, և ինչպե՞ս պիտի արդարացնեմ այդ ընթացքդ Դարեհյանի առջև նույնիսկ։
— Ոհ, այդ անունը մի արտասաներ, ականջներս կը խայթե։
— Եվ սակայն։
— Ես կուգամ անտես և լռին և նա ոչինչ կիմանա, Սիրանույշ։ — Մեն մի պահապան՝ լրտես մ՚է հոս արդեն, սակայն եթե երկինքն և անապատը վկա ունենայի ինձ միայն, ոչ երբեք հակամետ պիտի գիտնայիր զիս խաբեության դիմելու, ապահով եղիր։
- Կը ճանաչեմ զքեզ, ո՜վ առաքինության հրեշտակ։
— Պարտականությունս կը պահանջե որ այսպես վարվիմ։ Եթե այլապես գործեի դու ինքդ պիտի ըլլայիր զիս առաջին մեղադրողը։ Դու իմ եղբայրս ես, և իբր այն ճանչցվելու ես տան մեջ։