Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/353

Այս էջը հաստատված է

կատարել ինձ համար, դու զիս չես սիրեր, թող որ հրաժարիմ քեզմե, ու դուն նոր սեր մի փնտրե»։

Եղկելին այնպես բուռն կերպով գրավված էր այն անօրեն մարդեն որ անկարող էր բացարձակ մերժում մ՚ընել, որով նույն ապիրատն իրավունք կունենար յուր ազդեցությունն անդիմադրելի համարելու։

Բայց ահա Մելքոն որ Երվանդին գալուստը կը նշմարե նույն պահուն, ինչպես և Սիրանույշի առջև ծնադրելը ու ձեռքը համբուրելը։ Դիտեց նա ուշադրությամբ անոնց շարժումներն, և շուտով վճռեց թե տարփածու մ՚էր նա յուր տիրուհվույն։ Սիրահարաց խոսքերը լսելու հարկ չկա իրենց զգացման վերահասու ըլլալու համար քանի որ անոնց հայեցվածքը, շարժումը, ամեն ինչ վերջապես զիրենք մը մատնե։

Մելքոն ևս քան զևս կը զարմանար նկատելով այդ նորեկ հյուրը զոր առաջին անգամ կը տեսներ։ Զանոնք լավ լրտեսելու համար ամենայն զգուշությամբ անոնց մոտեցավ թավուտ ծառոց շնորհիվ, որ հաջողեցավ քանի մի բառեր լսելու որք բնավ տարակույս չթողուցին անոնց սիրային հարաբերությանց վրայոք։ Եվ երբ նա Երվանդ անունը լսեց՝ հիշեց թե Զարուհին այդ անվամբ եղբայր մ՚ուներ Եվրոպիո մեջ, ու բնավ տարակույս չունեցավ փեղուրավոր երիտասարդին ով ըլլալուն վրա։

Չար մտաց հատուկ ճարտարությամբը մտածեց թե լավագույն առիթ քան զայս չէր կրնար գտնալ գայթակղական տեսարան մի ներկայելու, Երվանդին ու Ալֆոնսին մեջտեղ կռիվ մ՚արծարծելով։ Շշուկ, աղմուկ, մրցում և գուցե արյուն, ի՞նչ առավել կրնար խնդրել յուր տիրուհին արատավորելու համար։

Որոշված էր որ Ալֆոնս գա նույն օրը, տաղավարին մերձակա վայր մի պահվի անտես Սիրանույշեն, որպեսզի նույն գիշերը իրենց սև խորհրդոց գործադրությունն ընեն։

Մելքոն կը նայեր չորս կողմ, կերթար, կուգար, բայց Ալֆոնս չէր երևնար տակավին։ Օրը վերջանալու վրա էր, գուցե Երվանդ կը մեկներ և ահա գեղեցկագույն առիթը կը կորսնցներ յուր նպատակին հասնելու. մանավանդ որ փոխանակ մեկ սիրահարի երկու նախանձորդներ պիտի հանդիսացներ։