կուտար անօրենը, ըսելով թե ինչ պիտի պատասխաներ տիրոջն երբ իրեն թողած էր տիրուհվույն ապահովության վրա հսկելու պաշտոնը։
Սիրանույշ յուր նստարանին մեջ տարածվեցավ մինչև որ Մելքոն պետք եղած խնամքը մատակարարե Երվանդին, և ապա սենյակն ելավ Մարիամ և Երվանդի օգնությամբ։
Տիկնոջ հագուստը արյամբ ներկյալ էր, և աղջիկն առաջարկեց զայդ փոխելու. բայց նա ընդդիմացավ յուր տկարությունն առարկելով, մինչդեռ բուն պատճառն այդ չէր։
— Երվանդ,— կըսեր հեգ կինը,— սիրելի է ինձ վրաս կրել կենացդ այս սուրբ մասունքը զոր ինձ համար շռայլեցիր։
– Բոլո՜ր կյանքս կը նվիրեմ քեզ, Սիրանույշ։
– Վստահ եմ, ո՜հ։ Բայց դու ո՞ւր միտք ունիս մնալու,– հարցուց անհանգիստ ձևով․– գիտես անշուշտ որ հոս ես չեմ կրնար զքեզ հյուրընկալել։
– Դարձյալ զիս կարտաքսե՞ս ուրեմն։
– Ճակատագիրս է բարյացդ փոխարեն միշտ ապերախտ գտնվիլ:
— Ես որո՞ւ խնամոց կրնամ հանձնել զքեզ։
— Մարիամը կա քովս. բայց երկու աղախիններ ևս թող գան հոս վարի տունեն,- հրամայեց։
– Անոնք սպասարկող ձեռքեր են, բայց ոչ ծառայող սրտեր։
– Մարիամ ինձ շատ հավատարիմ է, վստահ եղիր։ Բայց ինչ որ զիս մտատանջության կը մատնե Դարեհյանի վրա դժբախտ պատահարին ընելիք ազդեցությունն է։ Չգիտես ո՛րչափ նախանձոտ է նա և ո՛րչափ պատվույս նախանձախնդիր։
- Արդյո՞ք նույն չափ նախանձախնդիր է և յուր անձնական պատվույն նկատմամբ։
-Այդ խնդիրը հուզելու ժամանակ չէ արդ։ Անշուշտ այս դեպքին արտադրած առաջին ազդեցությունը նպաստավոր չի կրնար ըլլալ քեզ։ Փութա հեռանալու, ես ամեն ինչ պատմեմ անոր այդ հանդուգն անծանոթին նկատմամբ ինչպես և ինձ մատուցած քու պաշտպանությանդ, և ապա հետը կը տեսնվիս: