ու հալածյալը, հարուստն և աղքատը իրարու շփվելով, զիրար բաղխելով, խնդության և տառապանաց աղաղակներուն իրարու խառնվելով հառաջ կ՚երթան, ոմանք կոխկռտելով, ոմանք կոխկռտվելով։ Ահա՛ քեզ ընդարձակ դաշտ գործողության, Մայտա։ Ի տես ընդհանուր թշվառությանց մոռցի՛ր քուկիններդ․ ընդհանուր անիրավությանց առջև մի՛ հիշեր թե դուն ենթակա ես անոնց։ Խեղդե հեծկլտանքդ ի լուր հեծկլտանաց ընկերության։ Սրբե՛ արտասուքդ, վե՜ր կանգնե և քայլե։
Իսկ զքեզ չճանչնալ ձևացնողներն, և կանգուն տեսնելով զարմացողները՝ մինչ ոչնչացած կը կարծեին զքեզ, եթե հարցնեն թե «Ո՞ւր երթաս», պատասխանե. «Դուք դատապարտեցիք զիս մթության և կորստյան, և ահա հոտս կը կանգնիմ. իմ դիմացս ձեր նախապաշարմունքն բերիք, և ես ահա հոն կը կոխեմ և կ՚անցնիմ, զի հանձս շարժում կը կրեմ»։
Միացի՛ր արդարության բարեկամաց, միացի՛ր անոնց որք բերան ունին ճշմարտությունը խոստովանելու և թևեր՝ աշխատելու։ Այս ասպարեզին մեջ քաղելիք պատիվներդ պիտի ապրին որչափ ապրիս և հետ մահվան իսկ․ զի մեծ սկզբան ծառայելը հավիտենականության համար գործել է․ և հայնժամ չի պիտի ողբաս վաղանցուկ մեծությանդ կորստյան վրա ինչպես որ կ՚ընես արդ։ Մեկուսի թող ուրեմն վիշտդ որ գործելու հանգամանքդ կը ջլատե. դարձո՛ւ աչքերդ շուրջդ և դիտե թե որդեն սկսյալ մինչև մեր գլխուն վրա կախված հրային աշխարհները շարժում ու կյանք կը կրեն, և ամենքը կը հպատակին բարձրագույն օրինաց, այսինքն շարժման օրինաց։ Երբ ամեն անհատական աշխատությանց բովանդակությամբը մարդկության ընդարձակ գործողությունը կը կատարվի և անով յուր հավասարակշռությունը կը պահպանվի, ին՞չ իրավամբ դու թերի պիտի թողուս այս մասն որ սահմանված է քեզ՝ ջանյուքդ լրացնելու։ Երբ՞ արդյոք երկինք դադրեցավ զմեզ լուսովն ոռոգելե, բնությունը՝ բեղմնավորելե, թռչունն՝ երգելե, առվակը՝ կարկաչելե, ծաղիկն՝ յուր բույրը ծավալելե, և ամբողջությունը ներդաշնակության աշխարհին մեջ սահմանվելե։ Մա՞րդս միայն ուրեմն իրավունքն ստացած է խոտորելու ընդհանուր օրենքեն և ոչնչության մատնելու ինչ որ կոչում