Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/362

Այս էջը հաստատված է

— Անմե՜ղությունդ, խեղճ Սիրանույշ։ — Ագան կամ անագան կը հաղթանակե այն։ Կը նախանձեմ քեզ մեկնե, ու թող զիս առանձին որ ամեն ինչ խոստովանիմ։ Քո ներկայությունդ վիճակս կը դժվարացնե հանցավորի մի դիրք տալով ինձ։ Ուրեմն բարով մնաս, Երվա՛նդ։

— Բարով մնաս, Սիրանույշ, քանի որ կը հրամայես։

ԳԼՈԻԽ ԾԳ.

Երբ Դարեհյան առանձին մնաց կնոջ հետ, ծանր կերպարանոք հարցուց անոր ի՛նչ փաստերով ինքզինքը պիտի արդարացներ։

— Ճշմարտությամբ,– պատասխանեց Սիրանույշ։

— Գուցե շինծու ճշմարտությամբ, կին դու կեղծ։

— Խնդրեմ քեզմե որ առավել պատկառանոք խոսիս հետս մինչ հավարտ խոստովանությանս։

— Մտիկ կընեմ,— ըսավ ամուսինը, հեգնական ձևով, և նստարան մ՚առնելով կնոջ դեմ բազմեցավ։

— Խնդրեմ լուր ինձ առանց զիս ընդհատելու, ապա ազատ ես պատասխանելու։

— Մտիկ կընեմ,— պատասխանեց դարձյալ Պ. Դարեհյան կծու ժպտով, և այսպես խոսեցավ Սիրանույշ․

— Ես Երվանդին հետ անցուցի մանկությունս։ Ինքը ինձմե քանի մի տարու մեծ էր։ Ազատամիտ անձե մի պաշտպանվեցավ յուր մանկությունը, ու ինչպես գիտես արդեն որ անոր քույրն ալ ծնողքս խնամեցին։

Երվանդ ընդունեցավ ուսումն և լավ դաստիարակություն, ու գրեթե իմ ուսուցիչս եղավ, այնչափ ներգործեց սկզբանցս ու գաղափարացս վրա։

— Հարե նաև զգացմանցս,— ըսավ Դարեհյան հեգնությամբ։

— Եթե ժամանակ թողվիր զայդ ևս պիտի ավելցնեի։ Աճեցանք միատեղ տղայական սիրով․ բայց օր մի երկոքին ևս զգացինք թե սուրբ և անհուն զգացում մի մեր հոգիները գրաված էր։ Փոխադարձ խոստովանություն մ՚ըրինք իրարու