Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/365

Այս էջը հաստատված է

Այո, կենաց զոհն եմ, և ըստ այնմ կը հպատակիմ այն վիճակին որ քեզ նկատմամբ և կամ ընկերային պահանջմանց վերաբերությամբ պարտականության վրայոք ունեցած գաղափարս պատրաստեց ինձ։ Կապրիմ քեզ հետ թեև անառակ վարքովդ հոգիս վիրավորած ես ուժգին՝ զազիր կին մի ինձ վերադասելովդ։ Մի՛ կարծեր թե կնոջ սիրտը կրնա մոռնալ երբեք իրեն դեմ եղած նախատինքը, երբե՜ք, երբե՜ք։ Ազատությունս բռնաբարած ես, երիտասարդությունս կը թարշամի, կզգամ թե կը մարի հիս ինչ որ մտավորական հուր է, և կիմանամ թե կսպառի հիս ինչ որ սիրո հանք մ՚էր։ Այդ ամեն բանի կը հանդուրժեմ, կը համակերպիմ, վասնզի ընկերությունն ինձ իրավունք չտար ընդդեմ վարմունքիդ բողոք բառնալու, վասնդի իրավունք չտար ինձ քեզմե բաժնվելու կնոջ հպատակող հանգամանաց հակառակ չգործելու համար։ Եվ սակայն ընկերությունը չուզեր հաշվել հոգվույս ներքին կռիվը, պատրանքս, լքումս, դառնություններս, և քեզնով կրած մարտիրոսություններս։

Դարեհյան լուռ կեցած մտիկ կըներ զինքը դատապարտող խոսքերուն

Դո՛ւ,– հարեց սրտմտյալ կինը,— ի լուր աշխարհի գլայթակղական կյանք մի կը վարես, և սակայն ընկերությունը քեզ դատախազ չկանգնիր, ամեն ուրեք պատվով կընդունվիս ու կը մեծարվիս։ Բայց դու կը հանդգնիս զիս նախատելա, զիս պարատավորելու, զիս պիղծ, ուխտադրուժ կին համարես, որովհետև Երվանդ ձեռքս համբուրած է։ Դարեհյան, զայն լավ միտքդ պահե թե Երվանդ եղբայրս է և եղբայրս պիտի մնա։ Ահա ըսելիքս լմնցավ, կրնաս և դու խոսիլ եթե կը կամիս։

Դարեհյան բերանաբաց կը մնար կնոջն այդ համարձակ փաստաբանությունը լսելով, մինչ կը կարծվեր թե այն բառ մի չի պիտի ունենար յուր անձը արդարացնելու համար։ Կը հիանար իրոք առանց սակայն բոլորովին համոզվելու անոր անմեղությանը վրա։

— Համարելով,— ըսավ կնոջը,— թե ըսածներդ ստույգ ըլլան, ի՞նչ հարկ ուրեմն որ Երվանդ մենամարտության դիմեր եթե գրգռված չըլլար: